Ռուբեն Նազարեթյան. Փորձելու ենք հաղթել խմբում

13:22 22.10.2016

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում հավաք անցկացրեց և ուղևորվում է Բելառուս, որտեղ ընկերական հանդիպումներ կունենա:

Հայաստանի թիմը հոկտեմբերի 25-ին և 26-ին կմրցի Բելառուսի հավաքականի հետ: Երեկ կայացած վիճակահանությամբ հայտնի են դարձել Եվրո-2018-ում մեր հավաքականի մրցակիցները՝ Գերմանիա, Լատվիա և Էստոնիա: Հանդիպումները կայանալու են հունվարի 23-ից փետրվարի 1-ը. մինչև այդ հավաքների և ընկերական խաղերի միջոցով ֆուտբոլիստները պետք է պատրաստվեն ընտրական փուլին:

Armsport.am-ին տված հարցազրույցում ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է անցկացված հավաքի, առաջիկա խաղերի և վիճակահանության մասին:

- Պարոն Նազարեթյան, ինչպե՞ս ընթացավ հավաքը:

-Հավաքը նորմալ անցավ, պատրաստվում ենք ընկերական հանդիպումներին: Կարևորը վնասվածքներ չկան: Մարզումների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձրել ենք պաշտպանությունն ուժեղացնելու վրա:

- Ֆունկցիոնալ առումով ի՞նչ վիճակ է տղաների մոտ:

- Չեմ կարող ասել, որ առավելագույն լավ վիճակում են, քանի որ ժամանակը կարճ է, իսկ այս ընթացքում կարևոր է մարտավարության վրա աշխատել:

- Հավաքականին միացած լեգեոնականներն ի՞նչ մարզավիճակում են գտնվում:

- Ընդհանուր առմամբ, իրավիճակը նորմալ է: Ես մի փոքր վատ էի պատկերացնում, սակայն պատկերն այլ է:

- Առաջիկա ընկերական հանդիպումների մասին ի՞նչ կասեք:

- Մրցակիցը շատ ուժեղ է: Այդ խաղերում կտեսնենք մեր բացերը, կվերլուծենք:

- Եվրո-ի վիճակահանությունն ինչպիսի՞ն ստացվեց մեզ համար, շանսերը.

- Նորմալ վիճակահանություն է, փորձելու ենք հաղթահարել խումբը: Լատվիան վերջին տարիներին անընդհատ մեզ բաժին է հասնում: Լատվիայի հավաքականի մասին կարող եմ ասել, որ նախնական փուլի ամենաուժեղ հավաքականն է: Նախորդ տարի հաղթում էինք իրենց, սակայն վերջին 5 րոպեներին գոլեր ընդունեցինք և պարտվեցինք: Ինչ վերաբերում է Էստոնիային, ապա կարելի է համեմատականներ անցկացնել Լատվիայի ընտրանու հետ: Գերմանիայի հավաքականից պետք է տեղեկություններ հայթայթենք. Գերմանակ թիմը ֆուտզալի ակումբային գավաթում լավագույն 16 թիմերի ցանկում է. դա շատ բան է ասում: Բելառուսում խաղերից հետո կկենտրոնանանք ուսումնասիրության վրա:

- Մինչև ընտրական փուլը նոր ընկերական հանդիպումներ կլինե՞ն

 - Մրցակից ենք փնտրում դեկտեմբերին ընկերական խաղերի համար: Հավաքներ Հայաստանում կլինեն:

- Ներկայիս կազմը մինչև ընտրական փուլի մեկնարկն էական փոփոխություններ կունենա՞:

- Չեմ կարծում: Հնարավոր է 2-3 փոփոխություն. կորիզը հիմնական է: Ընկերական խաղերում պատկերն ավելի հստակ կլինի:

- Ընկերական խաղերով, հետագա հավաքներով կստացվի՞ 100 %-ով պատրաստ մոտենալ ընտրական փուլին:

- Իհարկե: Մեր հավաքականը հունվարին իդեալական վիճակում կլինի:

- Խմբային փուլը կայանալու է Լատվիայում. այդ հանգամանքը լրացուցիչ բարդություն ներկայացնո՞ւմ է:

- Բնական է՝ սեփական հարկի տակ իրենք ավելի վստահ կլինեն, բայց այնպես չէ, որ մեզ դա կխանգարի: Նախորդ տարի իրենց բախտը բերեց, Աստված տա, այս անգամ էլ այն մեր կողմից լինի:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս

Loading...