Այսօր Վանաձորում բացվել է ֆուտբոլի ակադեմիա

16:05 29.10.2016

Վանաձորում այսօր տեղի է ունեցել ֆուտբոլի ակադեմիայի բացումը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Լոռու մարզային ու քաղաքային իշխանությունները:

«Արհեստական խոտածածկով դաշտ ենք կառուցելու Սիսիանում, այնուհետեւ Գորիսում, ընթանում են Էջմիածնի ֆուտբոլային ակադեմիայի աշխատանքները: Շինարարական աշխատանքները սկսվել են, կարծում եմ՝ հաջորդ տարի աշունը կավարտենք: Չարենցավանում դաշտի կառուցումն ավարտված է, այսպես բոլոր մարզերում ծրագրում ենք մանկապատանեկան դպրոցներ կառուցենք: Պլանավորված է հաջորդ տարի կառուցել Վանաձորի մարզադաշտը: Հաջորդ տարի գարունը կսկսենք աշխատանքները»,- ասել է Հայրապետյանը:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը ՀՖՖ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է, որի ընդհանուր արժեքն է՝ 1 միլիարդ 133 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 101 միլիոն դրամը կազմում է շենք-շինությունների և 32 միլիոն դրամը համապատասխան գույքի գումարը: Գումարի 8.8 տոկոսը փոխանցել է ՈւԵՖԱ-ն, մնացած գումարը վճարել է ՀՖՖ-ն:

Ակադեմիայի տարածքը կազմում է 4.4 հեկտար: Այն բաղկացած է 1260 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող բոլոր ենթակառուցվածքները: Այն ունի 1 արհեստական ու 3 բնական խոտածածկով դաշտեր: Այնտեղ կարող են մարզվել մինչեւ 600 պատանիներ: Մարզումային պրոցեսում ընդգրկված են մոտ 140 ֆուտբոլիստներ:

Share |

Լրահոս