Մխիթարյան. Գուցե Մեսսիի չափ չկարողանամ, սակայն իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ

11:57 09.11.2016

Հենրիխ Մխիթարյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան լինելը շատ կարևոր է ինձ համար: Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ երեխաներին. բոլոր երեխաներն էլ օգնության կարիք ունեն: Սկզբում կօգնեմ իմ խորհուրդներով, իսկ հետագայում պատրաստ եմ ամեն ինչ անել, խնդիր չկա»:

 - Դուք Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն եք և ներկայում մարզվելու եք 2-րդ լավագույն ռմբարկուի հետ. ի՞նչ կասեք այդ մասին:

 - Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել փոքր տարիքում: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին ինչ-որ բան տալ:

 - Ցանկանում ենք իմանալ, թե ի՞նչ մարզավիճակում եք: Եւ ի՞նչ կասեք Չեռնոգորիայի հավաքականի մասին:

 - Ճիշտ է` վերջին հանդիպումն անցկացրել եմ մոտ 1 շաբաթ առաջ, խաղացել եմ 30 րոպե, սակայն դա խոչընդոտ հանդիսանալ չի կարող: Կարևորը ցանկությունն է, մարզավիճակը գնում է 2-րդ պլան: Գիտեմ, որ սպասելիքները մեծ են:

Մրցակցին դեռ լավ ծանոթ չեմ. վերլուծելու ժամանակ ունենք:

 - ՅՈւՆԻՍԵՖ-ին ֆուտբոլիստները մեծ օգնություն են ցուցաբերում. օրինակ, Լիոնել Մեսսին Արգենտինայի կազմակերպությանը ֆինանսական մեծ օգնություն է տրամադրում: Դու այդպիսի նպատակ ունե՞ս:

 - Նշանակվել եմ բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանամ օգնել: Ճիշտ է` Մեսսիի չափ գուցե չկարողանամ օգնել, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել:

 - Միշտ ներգրավված եք բարեգործությանը. ինչպե՞ս եք պատրաստվում ժամանակ տրամադրել բարի կամքի դեսպան լինելուն:

 - Ըստ նախնական պայմանավորվածության` միջոցառումները կազմակերպվելու են այն ժամանակ, երբ լինեմ արձակուրդում: Երբ լինեմ Հայաստանում, կլինեմ տրամադրության տակ: 

 - Ինչպե՞ս է անցնում կյանքն Անգլիայում և «Մանչեսթեր Յունայթեդում»:

 - Ամեն ինչ շատ լավ է: Ճիշտ է` քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չի: Երկար ճանապարհ եմ անցել այնտեղ հասնելու համար. ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ իմ ուզածին հասնելու համար:

Share |

Լրահոս