Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

11:31 09.11.2016

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Պաշտոնական միջոցառումը կայացավ ֆուտբոլի ակադեմիայում, որին Մխիթարյանից բացի ներկա էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Վերջինս իր խոսքում ասաց հետևյալը. «Հարգելի գործընկերներ, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես ուրախ եմ գտնվել այստեղ, ողջունել Մխիթարյանին, ով միացել է ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպանների մեծ ընտանիքին: Անցած 70 տարիների ընթացքում պաշտպանվել են երեխաների իրավունքները: Մեր նպատակի իրականացման համար շատ ջանքեր ենք գործադրել: Բարի կամքի դեսպաններն աշխարհում շատ կարևոր դեր են կատարել: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներն ամեն ինչ ներդրել են երեխաների կողքին լինելու համար: Մենք շատ շնորհակալ ենք Հենրիխին, ով համաձայնեց աշխատել երեխաների համար: Լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ` նա արդեն իսկ օգնում է: Սիրելի Հենրիխ, մեզ համար մեծ պատիվ է այս իրադարձությունը: Երեխաները մեզ վրա հույս են դնում, նրանք պետք է ստանան կրթություն ստանալու իրավունք: Հուսով եմ, որ միասին կարող ենք շատ ավելին անել: Շնորհակալություն»:

Մխիթարյանը նույնպես խոսեց բարի կամքի դեսպան դառնալու մասին. «Ուրախ եմ այս միջոցառման համար: Վստահ եմ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ կարող ենք երեխաների կողքին լինել: Հայաստանն այն եզակի կազմակերպություններից է, որը նման կերպ երեխաների կողքին է: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ իմ համագործակցության հիմնական շեշտը լինելու է կրթության ոլորտը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, որ յուրաքանչյուր երեխայի համար լավ հնարավորություններ ստեղծվեն»:

Այնուհետև Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ խաղաշապիկ և մեր ֆուտբոլիստը պաշտոնապես դարձավ բարի կամքի դեսպան:

Share |

Լրահոս