Հայաստան - Չեռնոգորիա. անհույս հույսեր․․․․(ընթերցողի նյութ)

14:29 11.11.2016

Armsport.am-ը նախագիծ էր սկսել, որի շրջանակում ընթերցողները կարող էին ուղարկել իրենց նյութերը, իսկ խմբագրակազմը պետք է ընտրություն կատարեր՝ առանձնացնելով 2 նյութեր:

Երկրորդ ընտրված նյութի հեղինակը Վահագն Միրզոյանն է, ում հոդվածը՝ ստորև.

«Հերթական տնային հանդիպումը՝ այս անգամ նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։  Հերթական անհույս հույսերը․․․ Արդեն քանի տարի է՝ հաղթանակ տեսնելու ակնկալիքով հայ ֆուտբոլասերը գնում է մարզադաշտ և գլխիկոր հեռանում։

Հայաստանի հավաքականն իր վերջին հաղթանակը Երևանում տոնել է  2013 թվականի հոկտեբերի 11-ին Բուլղարիայի հավաքականի նկատմամբ։ Հայ ֆուտբոլասերը կարոտ է մնացել սեփական մարզադաշտում տեսնելու իր հավաքականի հաղթանակը։ Նույնիսկ ամենառեալիստ և ներկայիս անդունդային իրավիճակը խորությամբ հասկացող ֆուտբոլասերը հոգու խորքում հավատում է, որ գոնե այս անգամ հաղթանակ կտեսնենք «Հանրապետական» մարզադաշտում։ Մրցակիցը Չեռնոգորիան է, հավաքական, որը առաջին հայացքից խմբի լավագույն թիմը չէ, բայց փաստն այն է, որ Չեռնոգորիան գլխավորում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը։ Սակայն մեր խնդիրներն այնքան շատ են, որ մինչև մրցակցին ուսումնասիրելը նախ պետք է հասկանանք՝ ինչ վիճակում է գտնվում Հայաստանի հավաքականը և ինչ խնդիրներ կարող է առաջադրել Չեռնոգորիային։

Ունենք նոր մարզիչ, որը կփորձի թարմ ավյուն ներարկել թիմին և անպայման կցանականա իր նորամուտը նշել հաջողությամբ։ Սակայն մի բան է ցանկանալ, այլ բան է այդ ամենը իրականացնել խաղադաշտում։ Արթուր Պետրոսյանը, միանշանակ, լավ է գիտակցում, թե ինչի է նա գնացել՝ համաձայնելով գլխավորել Հայաստանի հավաքականը։

Պետք է արձանագրել, որ Արթուր Պետրոսյանը ներքին առաջնությունից հրավիրված ֆուտբոլիստների կարողություններին այդքան էլ լավ չէ ծանոթ, քանի որ դժվար է առաջնության մեկ տուրի հանդիպումներին հետևելով՝ օբյեկտիվ կարծիք կազմել։

«Փյունիկ»- «Գանձասար-Կապան» խաղին նա ներկա էր Վարդան Մինասյանի հետ միասին, ինչից կարելի է ենթադրել, որ անհրաժեշտության դեպքում Մինասյանը ինֆորմացիա է տրամադրել ներքին առաջնության ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի վերաբերյալ։ Հրավիրված լեգեոներներից շատերն այս անգամ խաղային պրակտիկայի խնդիր չունեն, քանի որ մասնակցել են իրենց թիմերի վերջին հանդիպումներին։ Պետք է ընդգծել, որ այս անգամ համեմատաբար ավելի շատ են իրենց ակումբներում խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստները։  Համեմատաբար  անհանգստացնող է  Գեղամ Կադիմյանի և Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակը, ովքեր վնասվածքներից ապաքինվելուց հետո հաշված րոպեներ են անցկացրել խաղադաշտում, իսկ ահա Վարազդատ Հարոյանն ընդհանրապես չի խաղացել ոչ մի րոպե իր թիմի վերջին խաղերում։

Հավաքականի օպտիմալ կազմը այս պահին այսպիսինն է.

                                    Բեգլարյան

 Հովհաննիսյան, Մկոյան, ՀարոյանՀայրապետյան

                  Գոռ Մալաքյան , Դավիթ Մանոյան

                Մարկոս , Մխիթարյան, Ղազարյան,

                                    Սարկիսով

(Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը, - խմբ.)

Իհարկե, Հարոյանի փոխարեն հիմնական կազմում կարող է հայտնվել մշտական խաղային պրակտիկա ունեցող Տարոն Ոսկանյանը, սակայն հաշվի առնելով Հարոյանի լավ խաղը Լեհաստանի դեմ խաղում, կարծում եմ, ավելի նախընտրելի է  Վարազդատ Հարոյանի տարբերակը։

Չեռնոգորիայի կազմում առանձանանում են Մադրիդի «Ատլետիկո»-ի կենտրոնական պաշտպան Ստեֆան Սավիչը, «Ինտեր»-ի հարձակվող Ստեֆան Յովետիչը և բազմափորձ Միրկո Վուչինիչը։

Յովետիչին և Վուչինիչի ներկայիս դրությունը կարելի է համեմատել Մխիթարյանի և Մովսիսյանի ներկայիս կարգավիճակի հետ։  Յովետիչը ոչ մի կերպ չի կարողանում հաստատվել Իտալական գրանդ «Ինտեր»-ի հիմնական կազմում, իսկ Վուչինիչի լավագույն տարիներն արդեն անցյալում են։ Սակայն կա մի մեծ տարբերություն․ Չեռնոգորիայում լավ են գիտակցում, որ Վուչինիչը իր ահռելի փորձով կարող է օգտակար լինել իր թիմին, և նա իր թիմի ճամբարում է գտնվում՝ ի տարբերություն Յուրա Մովսիսյանի։

Ակներև է, որ մրցակիցն էլ ունի իր խնդիրները․ մեծ թվով ֆուտբոլիստներ խաղային պրակտիկայի պակաս ունեն իրենց ակումբներում։

 Մեկ բան ակնհայտ է․մրցակիցը ամուր թիմ է, սակայն ամենևին էլ ահեղ չէ, և ժամանակն է Երևանում տանել այդքան երկար սպասված հաղթանակը։ Առա՛ջ, Հայաստան»։

                                                             

                                                               

                                                                                                                       Վահագն  Միրզոյան

Կարդացեք նաև

Share |

Լրահոս