2018 թ-ի փոփոխություններից հետո ֆուտբոլի վիճակը մեկ բառով խայտառակություն է գնահատել սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը 168․am-ին տված հարցազրույցում։
«50 տարի ես ֆուտբոլի ակունքներում եմ, այսպիսի իրավիճակ չեմ տեսել։ Հիմնականում, իհարկե, Ֆեդերացիայի ղեկավար աշխատողների պատճառով է ստեղծվել այս իրավիճակը։ Քանի որ Ֆեդերացիայի նախագահն իր աշխատանքի բնույթով չէր տիրապետում, չէր կարող ղեկավարել, հետևաբար առաջին մեղավորը փոխնախագահներն են՝ Արմեն Մելիքբեկյան, Արմեն Նիկողոսյան։
Ու՞մ է նախընտրում ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնել Սուրեն Բաղդասարյանն առաջադրված 3 թեկնածուներից․ «Մելիքբեկյանին պետք է խորհուրդ տալ, որ իր թեկնածությունը շատ շուտ հանի, մնում են 2 հոգի։ Ես հակված եմ, որ Թովմաս Գրիգորյանը լինի, ու կարող եմ բացատրել՝ ինչու։ Խորեն Հովհաննիսյանին շատերն ասում են մեր լեգենդն է։ Այո՛, մեր լեգենդն է, ես իր հետ ճանապարհ եմ գնացել, ավելի լավ եմ ճանաչում, բայց ֆեդերացիան շատ մեծ կառույց է, ֆեդերացիա ղեկավարելը խաղուպար չի, Խորիկն այդ փորձը չունի։ Ֆեդերացիան ղեկավարելու համար առաջին հերթին լավ մենեջեր պետք է լինես, լավ կառավարիչ պետք է լինես։ Իսկ Թովմաս Գրիգորյանը բոլոր չափորոշիչներին համապատասխանում է։ 20 տարի եղել է ֆեդերացիայում, ավելի քան 16 տարի եղել է գործկոմում, հաջողել է բիզնեսում և ֆուտբոլային գործունեությունում»։
Բաղդասարյանը կարծում է, որ ընտրություններին ընդառաջ ժողովի նախապատրաստական աշխատանքների պարտականություններից պետք է հեռացնել Մելիքբեկյանին և Նիկողոսյանին, որպես շահագրգիռ անձինք․
«Զավեշտալին այն է, որ այդ մարդիկ հիմա նախապատրաստում են համաժողովը, այսինքն ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է, եթե մարդը իր թեկնածությունը դրել է։ Անհավասար պայմաններ են ստեղծվում։ Բնականբար, երբ խոսակցություն է գնում, որ ֆեդերացիան պետք է կեղծ սուբյեկտներից մաքրել, ինքը կարող է մաքրել այն սուբյեկտները, որոնք իրենց ձայն չեն տալու»։