Արա Պողոսյան. Մենք ազգային, համահայկական գործ ենք անում

18:39 13.01.2017

Armsport.am-ը հյուրընկալել էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, «Ուրարտուի» նախագահ Արա Պողոսյանին:

Պողոսյանի հետ քննարկվել են տարբեր հարցեր, որոնք առնչվում են Հայաստանում բասկետբոլի զարգացմանը, տարիքային հավաքականների սպասվող մրցելույթներին և ֆեդերացիայի ընդհանուր անելիքներին:

 - Պարոն Պողոսյան, ինչպիսի՞ն է հետհայացքը 2016 թականին:

 - Ընդհանուր առմամբ, շատ լավ: Ոչ միայն արդյունքների, այլ երկրում բասկետբոլի շարժ սկսելու առումով: 2016 թվականը լի էր իրադարձություններով: 4 հավաքականներ մասնակցեցին Եվրոպայի առաջնություններին, «Ուրարտու» ակումբը ստեղծվեց. Ճիշտ է՝ դա լավ ավարտ չունեցավ, սակայն փորձ էր: Դրա հետ մեկտեղ մի շարք հետաքրքրող հարցերի պատասխաններ ստացանք: Հասկացանք մեր ուժը, առանձնացրինք սխալները:

Հավաքականները բավականին հաջող ելույթներ ունեցան: Վերջապես ունեցանք ազգային հավաքական, որի մասին տասնյակ տարիներ խոսում էին: Իրոք այդ հավաքականը դարձավ համահայկական նպատակ: Չի կարելի ասել, թե փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը շատ ուժեղ ստուգատես էր. կարևորը դա չէր, այլ այն, որ մենք ցույց տվեցինք մեր ուժը:

 - Մի շարք մարզաձևերի ֆեդերացիաներ բախվում են ֆինանսական խնդիրների, քանի որ հատկացված գումարը, բնական է, չի բավարարում: Տվյալ գումարն ինչի՞ն է ուղղվում և մնացածը որտեղի՞ց եք հայթայթում:

 - Պետբոյւջեից ստացվող 18 միլիոն դրամն ուղղվում է տեղում բասկետբոլի զարգացմանը՝պատանեկան առաջնություններն են կազմակերպվում, գործուղղումներ են արվում: Իսկ ահա հավաքականներին առնչվող ծախսերի համար գրեթե բոլոր գումարները ստանում ենք ՀԱՕԿ-ի կողմից: Հույսեր ունեինք, որ ֆեդերացիայի պետությունից ստացվող գումարը կավելանա, սակայն այդպես չեղավ:

 - Հովանավորներից առաջարկներ ունի՞ ֆեդերացիան:

 - Ունենք բազմաթիվ խոստումներ, սակայն այժմ չունենք հովանավորներ: Ոչ մի կողմից օգնություն չենք ստացել: Ֆեդերացիան ներկա դրությամբ մեծ ուժեր է ներդնում մարքեթինգի համար: Հասկանում ենք, որ մրցաշարերը շատ են և հնարավոր չի լինի ամբողջ ֆինանսը ստանալ Օլիմպիական կոմիտեից: Իհարկե, շատ կօգնի, որի համար երախտապարտ կլինենք: Պետք է ամեն կերպ նոր հովանավորներ, բարեգործներ գտնել, որ շարժը սկսվի: Ուրիշ երկրների օրինակով պետական ֆինանսական մեծ աջակցություն չունենք. ամեն դեպքում, պետական մարմինները որոշ չափով օգնում են՝ նախագահի նախաձեռնությամբ «Միկա» մարզահամալիրը վերանորոգվեց, մենք անվճար օգտագործում էինք այն:


Եթե նայում ենք Վրաստանի օրինակը, միայն հավաքականների վրա ծախսվում է մոտ 1 միլիոն դոլար: Մենք, իհարկե, չենք կարող մեծ գումարներ պահանջել պետությունից, քանի որ այդ գումարները ծախսելու այլ տեղեր կան:

Բասկետբոլն ամենադիտարժան մարզաձևերից մեկն է: Ցանկանում ենք օգտագործել այդ հնարավորությունները: Ուրախ ենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվել են ազգային հավաքականի և «Ուրարտուի» հանդիպումները: Դրանից հետո սփյուռքում է մեծ շարժ սկսվել, շատերն են հարցնում, թե ինչով օգնեն: Հարկ է նշել, որ օգնությունը միայն ֆինանսականը չէ, կան կազմակերպչական մի շարք կարևոր հարցեր: Մինչև ամառ կկազմակերպենք ամեն ինչ, որ հաջող ընթանա:

 - Ազգային հավաքականը բավականին ուժեղ ենթախմբում է. ի՞նչ կասեք այդ մասին:

 - Իրոք մրցակիցները շատ հզոր են: Բոսնիան 2-3 խաղացող ունի, ովքեր հանդես են գալիս NBA-ում, Շվեդիան 1 մասնակից ունի: Սլովակիան փորձառու կազմ ունի: Մեզ համար բարդ է լինելու: Պետք մեր առավելագույն ուժեղ կազմով ներկայանանք:

 - Մինչև 20 տարեկանների ընտրանու մասին…:

 - Այդ ընտրանին կարող է հավասար պայքար մղել եվրոպական ցանկացած հավաքականի հետ: Լավ, մարտունակ թիմ ունենք: 20 տարեկանների հավաքականի ճնշող մեծամասնությունը խաղում է ԱՄՆ-ում:

 - Խոսենք «Ուրարտուի» մասին. բուռն սկիզբ, անհաջող ավարտ: Բացեք փակագծերը:

 - Մենք շատ սխալներ արեցինք, նաև անձամբ ես: Մենք միշտ ռոմանտիկ ճանապարհ ենք ընտրում: Գիտեք, եթե ռոմանտիկ չլինեինք, այսքան բանի հասած չէինք լինի: 3 տարի առաջ, որ ասեին Հայաստանի հավաքականի կհաղթի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, աղջիկները C դիվիզիոնում, «Ուրարտու» թիմ կլինի, մարդիկ հեռուստատեսությամբ բասկետբոլ կնայեն, ես չէի հավատա: Ռոմանտիկ շարժ էր, համախոհներով հավաքվեցինք, ՀԱՕԿ-ը մեզ օգնեց, արեցինք: Մրցաշարը սխալ էինք ընտրել: Դա մի աշխարհ էր, որտեղ օտար էինք: Ռուսաստանի ֆեդերացիայի կողմից ոչ մի օգնություն, խորհուրդ, փոխզիջում չենք ստացել: Խաղից 5 րոպե առաջ կանոնադրության կետ են հիշում, զանգահարում և մի շարք արգելքներ էին ներկայացնում: Մենք կողմ ենք օրենքները պահպանելուն եւ դրանց հետեւելուն, սակայն եթե «Ուրարտուն» որեւէ հարցում թերացել էր, ապա նրանք պարտավոր էին գրավոր տեղեկացնել, այլ ոչ թե խաղից 5 րոպե առաջ զանգահարել եւ ասել, որ այս կամ այն խաղացողը դեռ իրավունք չունեն հանդես գալ Սուպերլիգայում...:

 Պայմանավորվածություն կար, որ ռուսական անձնագրով բասկետբոլիստները լեգիոներ չեն համարվի, քանի որ, բնական է, Ռուսաստանի առաջնության մասին է խոսքը: Մրցաշարի մեկնարկից 1 շաբաթ առաջ ասացին, որ այլ բան են որոշել և լեգիոներների խնդիր է լինելու: Այնուհետև փաստաթղթային մի շարք խնդիրներ առաջացրին: Սուրեն Տեր-Պողոսյանը, Վիկտոր Հովսեփյանը ու Կոնստանտին Միրզոյանցն այդպես էլ չկարողացան խաղի մասնակցել, ինչի արդյունքում մեր կենտրոնականը հանդես էր գալիս գրեթե առանց փոխարինման: Ամեն դեպքում, այժմ էլ եմ ասում, որ մենք ուժեղ թիմ ենք ունեցել:

Այդպիսի իրավիճակ էր արդեն 3 ամիս: Մեզ թույլ չէին տալիս հաղթել: Այս ամենը կուտակվեց: Պատմության մեջ չէր եղել նման դեպք, որ ասեին տոմսերի գումարը դուք գնեք, որ թիմերը գան Երևան: Ես թիմերի նախագահների հետ խոսել եմ, այդպես էլ չհասկացանք, թե ով է ասել, որ մենք գնենք տոմսերը:

Առանձին թեմա էր դարձել մրցավարությունը, որով եւս մեզ ճնշում էին: Խաղի տեսուչներն էլ հազարավոր դոլարների տուգանքներ էին գրում, թեեւ նախօրոք մենք բացատրում էինք, որ դեռ ժամանակ է հարկավոր, որ մարզադահլիճներում ամեն ինչ շտկենք...

Պատրաստ չէինք այդ ամենին, մեզ հաղթել թույլ չէին տա: Սուպերլիգա-1-ից դուրս գալու դիմում եմ գրել իմ որոշմամբ, պատկերացրեք, իրենք պատասխանել են 7 րոպե անց: Ոչ զանգահարել են, ոչ ինչ-որ բան են հարցրել: 

 - «Ուրարտուի» հետագան ինչպե՞ս է լինելու:

 - Հույս ունենք ապրիլին Երևանում մրցաշար անցկացնել, որին «Ուրարտուն» կմասնակցի: Ցանկանում ենք մյուս տարի ինչ-որ լիգայում մասնակցել՝ հստակ դնելով մեր հարցերը: Հնարավոր է Բալթիկ լիգայում հանդես գանք, դարձյալ դիտարկում ենք նաև Ռուսաստանի տարբերակը: Այս փորձը պետք է պահպանենք, «Ուրարտուն» ողջ է:

 - Կփաստեք, որ 2017 թվականը բասկետբոլի համար ամենածավալուն տարիներից մեկն է լինելու, միգուցե ամենածավալունը: Ներկայացրեք սպասվելիք իրադարձությունները:

 - 16 և 18 տարեկանների աղջիկների և տղաների հավաքականները կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին: Տարիքային առումով բարդ է, շատ խաղացողների ծնողներ թույլ չեն տալիս միանալ հավաքականին: Վատ չէ C դիվիզիոնում մասնակցելը. աղջիկների մեր ընտանին հաղթեց նախորդ տարի: Հույս ունենք, որ 4 թիմերն էլ կհաղթեն իրենց դիվիզիոններում: 20 տարեկանների թիմը հանդես կգա Եվրոպայի B դիվիզիոնում. մրցաշարը Ռումինիայում է: Մրցակիցներն ուժեղ են, հարկ է նշել նաև, որ A և B դիվիզիոնների միջև տարբերություն չկա: Թույլ թիմ այդ առաջնությունում չկա:

Մենք դիմել ենք հայազգի ամենալավ մարզչին՝ Ռեքս Կալամյանին, ով «Տորոնտո Ռեփթորսի» գլխավոր մարզչի գլխավոր օգնականն է. նա NBA-ում պաշտպանության լավագույն մասնագետներից է: Իրենից համաձայնություն ենք ստացել, որպեսզի մարզի այդ հավաքականը, սակայն միայն իրենից կախված չէ, պետք է «Տորոնտոյի» հետ հարցերը հստակեցնի: Օրեր անց ամեն ինչ պարզ կլինի: Մինչև 20 տարեկանների հավաքականի հետ մեծ հույսեր ենք կապում:

Ազգային հավաքականը նախորդ տարվա համեմատ կուժեղանա: Ես հաշվել եմ, որ բոլոր տարիքային հավաքականների բասկետբոլիստները 12 երկրներից են. նման բան չէր եղել: Սա մեծ նախագիծ է, մենք համահայկական գործ ենք անում: Ես ցերեկը խոսում եմ եվրոպական հատվածի խաղացողների ծնողների, գործակալների հետ, իսկ գիշերը՝ ամերիկյան (ժպտում է,- խմբ.): Անընդհատ շատանում են այդ աշխատանքները:

 - Իսկ Սփյուռքի նախարարությունը չի փորձո՞ւմ օժանդակել:

 - Մենք չենք դիմել, երևի կփորձենք համագործակցել: Եթե ճիշտ աշխատանք իրականացնենք, ապա գումարն ինքնըստինքյան կգա: Օժանդակությունը միայն ֆինանսականը չէ:

 - Տարվա լավագույն մարզիկների թվում ոչ մի բասկետբոլիստ չկա, իսկ բասկետբոլի հավաքականն էլ չճանաչվեց տարվա թիմ. նորմա՞լ եք վերաբերվում դրան:

 - Ոչ, ես նորմալ չեմ վերաբերվում: Ոչ միայն բասկետբոլիստների հարցը, ես Մխիթարյանի վերաբերյալ էլ եմ խոսել մարզական լրագրողների ֆեդերացիայի հետ: Կանոնադրությունը թերի է: Այդպես էլ չհասկացանք, թե ինչու ընդհանրապես այս անգամ չկար տարվա լավագույն թիմ անվանակարգ:
Պետք է հավաքվել և որոշել, որ այլ կերպ պետք է լինի: Վրաստանի տարվա թիմը բասկետբոլի հավաքականն է: Ընտրվել է, որովհետև մեդիաակտիվ էր բասկետբոլի ընտրանին և մեծ հետաքրքրություն է առաջացրել: Պետք է այլընտրանքներ որոնել. օրինակ մենք ամեն ամիս ընտրելու ենք լավագույն բասկետբոլիստին: Մարզիկին ուշադրություն է հարկավոր: 

 - Նպատակներ, պատկերացումներ…

 - Ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է ընթանալու. ազգային գործ ենք անում: Հենց armsport.am-ում նայենք, թե որքան են ավելացել բասկետբոլի մասին նյութերը, անհամեմատելի է տարիներ առաջվա թվերի հետ: Ե՞րբ են հեռուստատեսությամբ հայկական բասկետբոլ ցույց տվել: Մենք ազգային գործ ենք անում:  

Արման Առաքելյան

Share |

Լրահոս