Մխիթարյան. Չէի ակնկալում, որ կհայտնվեմ այսպիսի իրավիճակում, սակայն պատրաստ էի դրան

12:13 04.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել բրիտանական «Sky Sports»-ին:

«Իսկապես վայելում եմ կյանքը Մանչեսթերում, մարզումները, խաղերը, ամեն ինչ: Լավ եմ հարմարվել և ջանասիրաբար աշխատում եմ ավելի լավը դառնալու համար, քանի որ գիտեմ` կարող եմ ավելին:

Հնարավոր է, որ դեռ չեմ ցուցադրել ամբողջ ներուժս, սակայն յուրաքանչյուր խաղում փորձում եմ անել առավելագույնը, քանի որ դա կարևոր է ինձ, երկրպագուների և ակումբի համար: Հնարավոր է, որ ամեն անգամ չի ստացվում, սակայն փորձում եմ բարելավել խաղս:

Երբեմն լինում են սև օրեր կյանքում, և հնարավոր է, որ չէի ակնկալում այդպես կլինի, սակայն պատրաստ էի դրան, քանի որ նման իրավիճակ է եղել նաև «Բորուսիայում»:

Ամեն ինչ քո գլխում է: Պետք է շարունակես լավատես լինել և աշխատել հաջորդ հնարավորությունը ստանալու համար:

Ֆուտբոլիստները չափազանց բարեհամբույր են և կարող ես շատ արագ հարմարվել այստեղ: Ակումբը փորձում է լուծումներ գտնել, եթե խնդիրներ ունես: Կարծում եմ, որ մեկ կամ երկու ամիս անց զգում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկն եմ»,- ասել է Մխիթարյանը:

Share |

Լրահոս