Բարսելոնան 9, Աթլետիկոն 10 ֆուտբոլիստներով ավարտեցին գավաթային «գազան» հանդիպումը (տեսանյութ)

01:55 08.02.2017

Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Աթլետիկոյին». խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

43-րդ րոպեին հաշիվը բացել է Լուիս Սուարեսը, երբ Մեսսիի հարվածից հետո Մոյան հետ է մղել գնդակը:

Հարվածների առումով մադրիդյան թիմն առավելություն է ունեցել, սակայն գոլ է խփել միայն խաղավերջում:

57-րդ րոպեին կատալոնյան թիմը մնացել է 10 ֆուտբոլիստներով. 2-րդ դեղին քարտն է ստացել Սերխի Ռոբերտոն:

12 րոպե անց նաև «Աթլետիկոն» է 10 խաղացողներով մնացել. դարձյալ 2-րդ դեղինով հեռացվել է Յանիկ Կարասկոն:

Խաղավարտից 10 րոպե առաջ «Բարսելոնայի» դարպասին 11 մետրանոց է նշանակվել. Կևին Գամեյրոյի հարվածը դիպել է հորիզոնական դարպասաձողին և բարձր ընթացել:

Պատասխան գոլը խփվել է 83-րդ րոպեին. Գրիզմանի փոխանցումից հետո Գամեյրոն գնդակն ուղարկել է դատարկ դարպասը:

90-րդ րոպեին «Բարսելոնան» մնացել է 9 ֆուտբոլիստներով. Կոկեի նկատմամբ կոպիտ խաղի համար 3 րոպե առաջ զգուշացված Լուիս Սուարեսը հեռացվել է խաղադաշտից: Հատկանշական է, որ բացի կարմիր քարտերից, մրցավար Մանսանոն 10 դեղին քարտ է ցույց տվել:

Առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով:

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը դուրս է գալիս «Copa del Rey»-ի եզրափակիչ, որում մրցելու է «Սելտա»-«Ալավես» զույգի հաղթողի հետ. դիմակայության 1-ին խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել:

Share |

Լրահոս