Մխիթարյան. Փորձում եմ թիմը տանել իմ հետևից

20:23 08.02.2017

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Լեսթերի» (3:0) հետ խաղից հետո հարցազրույց է տվել ռուսական «Матч ТВ»-ին:

- Թվում է, թե «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդին» հեշտ տրվեց:

- Միշտ էլ այդպես է թվում, սակայն այն հեշտ չէր: Խփածս գոլից առաջ կային դժվարություններ: Օրինակ՝ չէինք կարողանում պաշտպանությունից նորմալ դուրս գալ: Ամեն ինչ կարգավորվեց, երբ փոխեցինք մարտավարությունը: Փառք Աստծո, որ գոլ խփեցինք մինչև ընդմիջումը: Դա հեշտացրեց մեր առաջադրանքը:

- Հանդիպումը սկսեցիք ձախից, սակայն ընթացքում տեղափոխվեցիք կենտրոն: Ինչո՞ւ:

- Խաղը սկսեցինք 4-4-2 մարտավարությամբ, այնուհետև ձևափոխվեցինք 4-2-3-1-ի: Խաղի ընթացքում մարզիչն ասաց ինձ, որ տեղափոխվեմ կենտրոն: Տեղափոխվեցի և արեցի այն, ինչ պահանջվում էր ինձնից:

Մխիթարյանն ընդդեմ «Լեսթերի» (ֆոտոշարք)

 

 

- Նկարագրեք «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ:

- Թիմն այժմ ավելի ազատ է խաղում: Այդքան էլ լավ չեմ հետևել ՄՅՈւ-ին վերջին 2-3 տարիների ընթացքում, սակայն կարող եմ ասել, որ հիմա ակումբն ավելի վստահ է իր ուժերին: Թիմը լավ փոխանցումներ է կատարում, գիտի ինչպես պաշտպանվել և ինչպես հարձակվել: Մենք պայքարում ենք մինչև վերջ և արդեն հասցրել ենք ցույց տալ, որ կարողանում ենք գոլ խփել վերջին րոպեներին: Իհարկե, դա լավագույն տարբերակը չէ, սակայն ապացուցված է, որ մենք չենք կորցնում կենտրոնացումը և հույսը:

- Դուք այսօր գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձաք: Ո՞րն է ավելի հաճելի:

- Հաճելի է թե՛ խփել և թե՛ գոլային փոխանցման հեղինակ դառնալ: Առավել հաճելին հանդիպումը հաղթելն է: Մեզ հիմա հարկավոր էր այս հաղթանակը, քանի որ ցանկանում էինք մոտենալ լավագույն քառյակին:

- Խաղադաշտում կա Զլատան և Պոգբա, սակայն «Մանչեսթերի» առաջատարը դառնում եք դուք: Զգո՞ւմ եք:

- Ես կատարում եմ իմ աշխատանքը, փորձում եմ անել այն ամենը, ինչ ինձնից է կախված: Օրինակ՝ տանել թիմն իմ հետևից: Բայց այդքան էլ կարևոր չէ, թե ով է իր հետևից տանում թիմին, կարևոր է, որ թիմն ունենա արդյունք:

- Ի՞նչ եք զգում, երբ լսում եք, թե ինչպես են վանկարկում ձեր անունն ամբողջ տրիբունան:

- Դա շատ հաճելի է: Այն ավելի լավ խաղալու խթան է հանդիսանում:

- Հոգեբանորեն որքանո՞վ է դժվար գտնվել աղյուսակի 6-րդ հորիզոնականում և հետապնդել ակումբների մեծ խմբի:

- Բոլորն էլ գիտեն, որ մենք 6-րդ հորիզոնականում ենք: Պայքարում և հաղթում ենք, իսկ մարդիկ կարծում են, թե կա ինչ-որ մեկը, որի պատճառով մենք լարվում ենք: Մենք հետապնդում ենք նրանց և արդյունքում հասնելու ենք մեր նպատակին:

Մխիթարյանն ընդդեմ «Լեսթերի» (տեսանյութ)

Share |

Լրահոս