Գագիկ Սիմոնյան. Ոչինչ չեմ արել. անպայման արդարանալու եմ

18:27 18.02.2017

«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Մի շարք տարօրինակ հանգամանքներ թույլ են տալիս Սիմոնյանի գործը գրել չակերտների մեջ, քանի որ փաստաբան Լևոն Բաղդասարյանի և անձամբ Սիմոնյանի պնդմամբ չկան փաստեր և ապացույցներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին Սիմոնյանը ձերբակալվել է. ԱԱԾ-ն տարածել է հաղորդագրություն.

Armsport.am-ը զրուցել է Գագիկ Սիմոնյանի հետ, ով լույս է սփռել ամբողջ կատարվածի վրա:

- Պարոն Սիմոնյան, ընդհանուր կատարվածի մասին ի՞նչ կասեք:

- Բացառապես ոչ մի ցուցմունք իմ դեմ չկա: Գործերը պարզ են, ոչ մի տեղ իմ անունը չի շոշափվում, ինձ վրա ոչինչ չկա: Ճակատագրիս հետ խաղացին: Կասկածի տեղ չկա, ես արդարանալու եմ, անպայման արդարանալու եմ: Ինձ շատ լավ գիտեն, որ ես միշտ վատ եմ տարել խաղ ծախողներին, նրանք աղբ են, որոնցից պետք է ազատվել:

- Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ վրա կոտրվեց:

- Երևի զուտ որպես ես էի գլխավոր մարզիչը… ուրիշ ոչինչ չեմ արել, ոչ մի ապացույց չկա: Բացարձակապես ոչնչից ես տեղյակ չեմ եղել: Ես իմ ընտանիքը կարո՞ղ եմ ծախել, իմ ընկերներին կարո՞ղ եմ ծախել: Բոլորն ինձ լավ գիտեն: Խաղ ծախողները պետք է նախևառաջ իրենց ընտանիքը ծախեն: Նմաններին պետք է «ավել-սավոկով» մաքրել ֆուտբոլից:

- Իրավապահ մարմինների աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:

- Ինչպե՞ս գնահատեմ, ինձ անտեղի 6 ամիս պահել են կալանավայրում, շեշտում եմ, անտեղի: Մեկ հարցաքննություն է եղել, դա այն էր, ինչ այժմ ասացի, ուրիշ ոչինչ: Ես այնպես եմ սովորել, որ ֆուտբոլը նախ ընտանիք է, հետո նոր աշխատանք: Ինքս «Ուլիսում» միշտ մաքուր եմ աշխատել, երբ ծանր դրություն էր, անգամ ինքս պարտք եմ արել և գումար եմ տվել անձնակազմին, անգամ այդ Արային (ադմինիստրատոր Արա Ազարյան,- խմբ.), այդ դավաճանին:

- Ֆուտբոլային վերնախավը չփորձե՞ց միջամտել հարցին:

- Ոչ, ոչ մի կերպ չփորձեց: Իրենք իմ եսը լավ գիտեն… չգիտես ինչու մտածում էին, որ շառից փորձանքից հեռու լինեն, բայց ինքս միշտ շառից հեռու եմ եղել: Մեկը չասաց, թե Սիմոնյան Գագիկին ինչի՞ են բռնել: Իմ խաղալու և աշխատելու տարիներին ես արդար եմ եղել: Կրկնում եմ՝ ընտանիքս չէի ծախի, դա իմ ընտանիքն էր: Իսկ ինձ այս ի՞նչ օրի գցեցին…:

- Գործը շուտով դատարան կգնա:

- Ես չեմ էլ ցանկանում իմանալ, թե դատը երբ է, ով է դատավորը. արդեն հոգնել եմ: Ես մտնելու եմ դատարան ու հարցնեմ, թե ինչու են ինձ բռնել… կես ապացույց էլ չկա, թե ինչու: Եթե չկա այդպիսի բան, էլ ի՞նչ ապացույց:

- Ի՞նչ են ասել Ձեզ իրավապահները, դրանից առաջ ի՞նչ էր եղել:

- Ոչինչ չեն ասել: Առաջնության շրջանակում հանդիպում ունեինք, այն վերջինն էր լինելու «Ուլիսի» համար. որոշել էի մտնել հանդերձարան և տղաներին շնորհակալություն ասեի թիմին օգնելու համար: Վալերի Հովհաննիսյանը չէր ցանկանում, որ այդ հանդիպումն անցկացվի, սակայն ես ասացի, որ պետք է խաղալ հայկական ֆուտբոլի համար, որպեսզի հանկարծ մրցաշրջանի կեսը չավարտած ելույթները չդադարեցնենք, որպեսզի ՈւԵՖԱ-ն եվրագավաթային տեղերը չկրճատի: Ես ամեն ինչ ֆուտբոլի համար եմ արել:

- Այս ամենի վերջը ի՞նչ է լինելու:

- Արդարացում. Թող բոլորը իմանան, որ մաքուր եմ: 3-4 հոգով խաղը ծախել են: Նայեք, հաղթանակի դեպքում թիմը պարգևավճար է ստանում, որով իր ընտանիքի, իր երեխաների հացի խնդիրն է լուծում: Խաղ ծախողները չեն մտածում, որ լափում են այդ փողերը…: Խաղ ծախողները դավաճան են, մեղմ ասած դավաճան: Այսքանից հետո ինձ մեղադրում են… իմ սրբությանն են կպել: Իմ տղան 11 տարեկան է, ֆուտբոլիստ է. բա իմ երեխայի ապրումները պատկերացնո՞ւմ եք…: Ամոթ է… բոլոր ալիքներով ինձ էին ցույց տալիս՝ դավաճան հանելով: ԱԱԾ-ն է ասել… ո՞ւմ «ծակերն» եք փակում ինձնով: Իմ երեխան, իմ ընտանիքի անդամները հեռուստացույցով տեսնում են, որ ինձ ձերբակալել են…: Սիրտս «ճաքում» է:

Արած լինեի, կասեի ինձ պետք է 10 տարի նստեցնեն, որովհետև ես կեղտ եմ ֆուտբոլի մեջ: Բայց որ ոչ մի բանի հետ կապ չունես, տանում նստեցնում են, ո՞վ է դրա համար պատասխան տալու, իմ ընտանիքի սթրեսի համար ո՞վ է պատասխան տալու:

Ասում են դավաճան եմ, պատկերացնո՞ւմ եք: Մինչև վերջ գնալու եմ, միանշանակ արդարանալու եմ: Անգամ փաստաբանները զարմացած են, թե ինչու են ինձ բռնել…:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս