Սուսերամարտի Մ20 տարեկանների առաջնությունը կկայանա Պլովդիվում

17:02 14.03.2017

Երեւանում ընթացող սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնության ավարտից հետո վերջնականապես կորոշվի հավաքականի կազմը, որը կմասնակցի Պլովդիվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնել է սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

«Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները կկայանան Պլովդիվում: Ապրիլի 1-4-ը խոցասուսեր զենքաձեւում հանդես կգան մինչև 17 տարեկան պատանիները` Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը: Ապրիլի 5-8-ը երիտասարդները` Էդուարդ Հովակիմյան, Էմմա Պողոսովա (երկուսն էլ խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր):

Երիտասարդների հավաքականի վերջնական կազմը պարզ կլինի Հայաստանի առաջնությունից հետո: Հնարավոր է մեկ մարզիկ եւս ավելանա»,- ասել է Արտաշես Մադոյանը:

Նրա կարծիքով մարտի 1-9-ը Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում այս տարիքային խմբերի անհաջող ելույթը պայմանավորված էր նախապատրաստական ընթացքի հետ.

«Ամեն ինչ արվում է սահմանափակ ֆինանսական հնարավորություններով: Չկարողացանք ուսումնամարզական հավաք կազմակերպել: Այո, մենք համատեղ մարզումներ անցկացրինք, բայց դա բավարար չէ այս մակարդակի մրցաշարում հանդես գալու համար: Ինչ վերաբերում է արդյունքներին, Արմեն Դալլաքյանը, Անահիտ Ալոյանը և Մայքլ Հովհաննիսյանը կարողացան հաղթահարել թիմային փուլը և մտնել 64 լավագույնների կազմ, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: Մեր մարզիկները չունեն ծավալուն մարտական պրակտիկա, իսկ այս մակարդակի մրցաշարերում դա վճռորոշ նշանակություն ունի»,- նշել է գլխավոր քարտուղարը:

2018 թվականի գարնանն անցկացվելիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կխաղարկվեն ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր.

«Պետք է մտնել 8 լավագույնների ցանկ, ինչը շատ դժվար է: Կա եւս մեկ ճանապարհ, դա Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերում բավարար քանակով միավորներ հավաքելն է: Դա էլ դժվար կլինի, բայց մենք կպայքարենք»,- ասել է Արտաշես Մադոյանը:

Մեծահասակների Հայաստանի առաջնությունն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մայիսին: Ապրիլի 21-26-ը Մինսկում կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Էդուարդ Հովակիմյանը, Մայքլ Հովհաննիսյանը եւ Էմմա Պողոսովան:

Հաջորդ տարի այդ մրցաշարը կանցկացվի Երեւանում:

Share |

Լրահոս

Loading...