ՊՍԺ-ն 8 կետից բաղկացած բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին

12:27 14.03.2017

ՊՍԺ-ի ղեկավարությունը ՈւԵՖԱ-ին 8 կետից բաղկացած պաշտոնական բողոք է ներկայացրել՝ կապված ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» հետ անցկացրած պատասխան խաղի հետ, հայտնում է «Marca»-ն:

Ֆրանսիական ակումբի բողոքները վերաբերում են հանդիպման գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինի գործողություններին: Իսպանական գրանդն առաջին խաղում հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտություն էր կրել, իսկ ահա երկրորդում 6:1 հաշվով հաղթանակ տոնել և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Փարիզեցիները կարծում են, որ Այտեկինը մեծ ազդեցություն է ունեցել խաղի վերջնական հաշվի վրա:

Ահա ՊՍԺ-ի ներկայացրած բողոքի կետերը՝

1. ՊՍԺ-ում կարծում են, որ մրցավարը մրցակցի դարպասին 11-մետրանոց չի նշանակել Խավիեր Մասկերանոյի ձեռքով խաղի համար:

2. ՊՍԺ-ում կարծում են, որ Պիկեն խաղի ընթացքում պետք է 2-րդ դեղին քարտը ստանար՝ Կավանի նկատմամբ խախտման համար:

3. ՊՍԺ-ում կարծում են, որ մրցավարը չպետք է 11-մետրանոց նշանակեր ֆրանսիական թիմի դարպասին՝ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի և պաշտպան Մենիեի պայքարից հետո:

4. 3:1հաշվի ժամանակ Նեյմարը ետևից ոտքով հարվածել է մրցակցի պաշտպան Մարկինիոսին: Այտեկինն այս դրվագույն դեղին քարտ է ցույց տվել Նեյմարին, իսկ ՊՍԺ-ում կարծում են, որ բրազիլացին պետք է հեռացվեր դաշտից:

5. ՊՍԺ-ում նշում են, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ պայքարում սիմուլյացիայի է դիմել՝ ընկնելով հյուրերի տուգանային հրապարակում: Մրցավարն այս դրվագում Սուարեսին դեղին քարտ է ցույց տվել:

6. ՊՍԺ-ում կարծում են, որ մրցավարը 78-րդ րոպեին պետք է 11-մետրանոց նշանակեր տանտերերի դարպասին՝ պաշտպան Ժերար Պիկեի ձեռքով խաղի համար:

7. Փարիզեցիները նշում են, որ «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն խախտել է կանոնները սեփական տուգանայինում կիսապաշտպան Անխել դի Մարիայի հետ պայքարում: Խաղից հետո Մասկերանոն խոստովանել է, որ խախտում է թույլ տվել Արգենտինայի հավաքականում իր թիմակցի նկատմամբ:

8. ՊՍԺ-ում վստահ են, որ մրցավարը սխալվել է՝ Սուարեսի նկատմամբ խախտման դրվագում 11-մետրանոց նշանակելով, որը, ինչպես նշվում է, իրականում չի եղել:

 

Share |

Լրահոս