Արտաշես Մադոյան. Հուսանք՝ մեր սուսերամարտիկները լավ հանդես կգան աշխարհի առաջնությունում

11:05 17.03.2017

Երեկ ավարտվել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ իրենց սպասելիքներն արդարացել են.

«Մեր բոլոր առաջատար սուսերամարտիկները հաղթեցին: Արդեն գիտենք` մարզիկներն ինչ հնարավորություններ ունեն: Մեր սպասելիքներն արդարացան, անակնկալներ չունեցանք: Ընդհանուր առմամբ գոհ ենք»,-ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Այժմ սուսերամարտիկները պատրաստվելու են Բուլղարիայում կայանալիք պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը: Արտաշես Մադոյանը հայտնել է, որ Հայաստանի առաջնության արդյունքում ձեւավորվել է հավաքականի կազմը:

Գլխավոր ստուգատեսին կմասնակցեն 2 պատանի եւ 4 երիտասարդ: Պատանիներից աշխարհի առաջնությունում հանդես կգան Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (երկուսն էլ ճկասուսեր), իսկ երիտասարդներից` Էդուարդ Օվիկյանը, Ռազմիկ Վարդանյանը, Էմմա Պողոսովան (երեքն էլ խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր).

«Հույս ունենք, որ մեր սուսերամարտիկները լավ հանդես կգան աշխարհի առաջնությունում եւ կկարողանան մի քանի փուլ անցնել: Սկզբից մասնակցելու են պատանիները, ապա երիտասարդները: Պատրաստվածության այս մակարդակով դժվար է մրցանակային տեղ զբաղեցնել:

Մինչեւ գլխավոր ստուգատեսը հավաքական թիմի հետ միասնական մարզումներ ենք անցկացնելու: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում՝ տարբեր երկրներից հրավիրելով մեկական մարզիկ: Հայաստանից այդ հավաքին կմասնակցի Էդուարդ Օվիկյանը»,-նշել է Արտաշես Մադոյանը:

Պատանիների աշխարհի առաջնությունը կկայանա ապրիլի 1-4, իսկ երիտասարդներինը` ապրիլի 5-8-ը:

Share |

Լրահոս

Loading...