Առաջնությունում դադարից առաջ Փյունիկը ջախջախեց Բանանցին

15:57 19.03.2017

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Բանանցի» կողմից և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց:

Հանդիպումը տեղի ունեցավ «Բանանց-1» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի՝ 3:0 հաշվով հաղթանակով:

Մեկնարկում երկու թիմերի ֆուտբոլիստները փոխնիփոխ գրոհներ էին կազմակերպում՝ վտանգավոր պահեր ստեղծելով միմյանց դարպասներին: Բայց աստիճանաբար «Փյունիկի» ֆուտբոլիստները կարողացան մեծացնել ճնշումը և ավելի շատ տիրել գնդակին:

Հյուրերն իրենց տարածքային առավելությունը կարողացան գոլի վերածել խաղի 24-րդ րոպեին. Ստանդարտի խաղարկման ժամանակ Նենադ Ինյացը սեփական տուգանայինում անհաջող հեռացրեց գնդակն ու այն հայտնվեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի մոտ, որն էլ տուգանայինի մատույցներից կատարած շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասն ու առաջ մղեց իր թիմին:

Մինչև առաջին կեսի ավարտը «Փյունիկի» ֆուտբոլիստները շարունակեցին ճնշումն ու անընդհատ ուղիներ էին փնտրում դեպի մրցակցի դարպասը:  Դրվագներից մեկում Ռազմիկ Հակոբյանը տուգանայինի մատույցներից փոքր-ինչ բարձր հարվածեց, իսկ րոպեներ անց Սերոբ Գրիգորյանը, ձախ եզրում ստանալով Վարդան Պողոսյանի հիանալի փոխանցումը, լավ հարված կատարեց, բայց Ստեփան Ղազարյանը գնդակը դուրս բերեց անկյունային: Անկյունայինի խաղարկումը բավականին վտանգավոր ստացվեց, սակայն դրանից օգուտ քաղել փյունիկցիները չկարողացան:

Հանդիպման հաշիվը «Փյունիկի» ֆուտբոլիստները կարողացան կրկնապատկել առաջին կեսին ավելացրած 3-րդ րոպեին: Վահագն Այվազյանի կոպիտ սխալից հետո Ռազմիկ Հակոբյանը, տիրելով գնդակին, նետվեց առաջ, եղավ բախում «Բանանցի» պաշտպան Աղավարդ Պետրոսյանի և դարպասապահ Ստեփան Ղազարյանի հետ, որի արդյունքում դարպասապահը թեթև վնասվածք ստացավ, Ռազմիկ Հակոբյանն ընկավ և հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը փոքր-ինչ կասկածելի 11-մետրանոց նշանակեց «Բանանցի» դարպասին: Վարդան Պողոսյանը չվրիպեց 11-մետրանոցից և կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 0:2:

Երկրորդ խաղակեսն անցավ «Փյունիկի» նկատելի առավելությամբ, չնայած պակասում էր խաղի այն ակտիվությունն ու սրությունը, որով թիմերն անցկացրին առաջին կեսը: Երկրորդ կեսի մեկնարկում «Բանանցի» ֆուտբոլիստները հաշիվը կրճատելու հիանալի հնարավորություն էին ստացել: Կազմակերպած լավ կոմբիանցիայից հետո Էմիլ Եղիազարյանը հիանալի փոխանցմամբ հարվածային դիրք դուրս բերեց Գրիգոր Աղեկյանին, սակայն վերջինս մոտ տարածությունից փոքր-ինչ բարձր հարվածեց:

Րոպեներ անց գոլային լավ հնարավորություն ունեցան հյուրերը. Պետրոս Ավետիսյանը, ստանալով Վարդան Պողոսյանի հիանալի փոխանցումը, մոտ տարածությունից կատարած հարվածով փորձեց սպառնալ Ղազարյանի պաշտպանած դարպասին, բայց դարպասպահը հեռացրեց գնդակը՝ փրկելով իր թիմին վերահաս գոլից:

Բայց, այնուամենայնիվ, Ստեփան Ղազարյանը ստիպված եղավ 3-րդ անգամ գնդակը դուրս բերել ցանցից: Հանդիպման 78-րդ րոպեին փոխարինման մտած Արմեն Նահապետյանը, ստանալով Էրիկ Պետրոսյանի ձախ եզրից կատարած փոխանցումը, խաղն իր վրա վերցրեց և խաբս տալուց հետո դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց «Բանանցի» դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 0:3: Ի դեպ, երիտասարդ ֆուտբոլիստն իր նորամուտն էր նշում «Փյունիկի» կազմում:

Այսպիսով, Արտակ Օսեյանի թիմը վստահ հաղթանակ տոնեց կարևոր խաղում և իր միավորների թիվը հասցրեց 33-ի՝ երրորդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանի» հետ միավորների տարբերությունը հասցնելով 3-ի: Իսկ «Բանանցը» շարունակում է 16 միավորով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:

Share |

Լրահոս