Միքայել Անդրիասյան. Շախմատային մրցաշրջան 2017-ը հագեցած է մրցաշարերով

12:50 20.03.2017

Այս տարվա շախմատային օրացույցը հագեցած է մրցաշարերով ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

«Այս տարի ազգային ֆեդերացիայի կազմակերպվելիք մրցաշարերի ցանկը բավականին ծավալուն է:

Հունիսի 20-30-ը Ջերմուկում կանցկացվի Կարեն Ասրյանի հուշամրցաշար, այնուհետեւ` Ստեփան Ավագյանի անվան պատանեկան միջազգային հուշամրցաշար: Մարտունիում հուլիսին, արդեն 11-րդ անգամ կկայանա «Սեւանա լիճ» ամենամյա մրցաշարը, որը կունենա 16-րդ կարգի բարդություն:  Կմասնակցեն միջազգային՝ 2600-ից բարձր վարկանիշով հայ եւ արտասահմանցի գրոսմեյստերներ:

Աշնանը, արդեն երկրորդ անգամ պետք է կայանա «Երեւան-Օպեն» մրցաշարը. կոնկրետ ժամկետները կորոշի Երեւանի շախմատի ֆեդերացիան»,- ասել է Միքայել Անդրիասյանը:

Հագեցած է ցանկը նաև միջազգային մրցաշարերի առումով.

«Մինչեւ 8, 10 եւ 12 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-31-ը Բրազիլիայի Պոկոս-դե-Կալդես քաղաքում, իսկ մինչեւ 14, 16 եւ 18 տարեկաններինը` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում (սեպտեմբերի 16-26):

Ռումինիայի Մամայա քաղաքը սեպտեմբերի 3-14-ը կհյուրընկալի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Իսկ մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 1-16-ը Իտալիայի Տարվիզիո կոմունայում:

Եւս մեկ հետաքրքիր մրցաշար սպասվում է Ջերմուկում, որտեղ հոկտեմբերի սկզբին կանցկացվի պատանեկան Գրան-Պրիի երկրորդ փուլը: Իսկ առաջին եւ երրորդ փուլերի մասնակիցները կմրցեն Ռուսաստանի Կրիշի քաղաքում:

Մրցումների այս շարքը ստեղծված է «Աշխարհի պատանի աստղեր» ամենամյա մրցաշարի հիման վրա , որն անցկացվում է Կրիշի քաղաքում եւ նվիրված է շախմատիստ Իվան Սոմովի հիշատակին»,- ասել է Միքայել Անդրիասյանը:

Share |

Լրահոս