Նոր կանոններ ըմբշամարտում

14:33 20.03.2017

Ըմբշամարտի կանոնները հերթական անգամ կենթարկվեն փոփոխության:

Ինչպես հայտնում է ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW), յուրաքանչյուր ոճում քաշային կարգերն 8-ի փոխարեն կլինեն 10-ը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Յուրաքանչյուր քաշային կարգում մրցումները կանցկացվեն երկու օր: Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի՝ Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում: Հաստատվելու դեպքում մեծահասակների, Մ 23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Երկօրյա մրցութային ձեւաչափը կկիրառվի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ժամանակ, որոնք տեղի կունենան, համապատասխանաբար, հուլիսին՝ Սարաեւոյում եւ սեպտեմբերին՝ Աթենքում:

Եթե այս նորամուծությունը վերջնականապես հաստատվի, այն եւս ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Այս ձեւաչափի դեպքում ըմբիշները կկշռվեն մրցութային յուրաքանչյուր առավոտ` երկրորդ օրվա համար 2 կգ փոփոխության թույլտվությամբ:

Աշխարհի առաջնության մրցաշարային ցանկում, առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով, UWW-ի բյուրոյի անդամները քվեարկել են ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ ստեղծելու համար: Այս տարվա Փարիզի աշխարհի առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո-2016-ի եւ 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով:

Ակնկալվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած վարկանիշային աղյուսակը որոշելիս հաշվի կառնվեն նաեւ մի քանի այլ մրցաշարերի արդյունքներ:

«Այս բարեփոխումները մեծ առավելություն կտան մեր մարզաձեւին: Այն ավելի դիտարժան կդառնա հանդիսատեսի եւ ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել են, որ ըմբշամարտի նոր կանոնների վերջնական տարբերակը UWW-ն ազգային ֆեդերացիաներին կտրամադրի ապրիլի սկզբներին:

Share |

Լրահոս