Բարսելոնան հաղթեց Վալենսիային. Գոմեշը և Մունիրը գոլ խփեցին (տեսանյութ)

01:38 20.03.2017

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց «Վալենսիային»:

Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն ավարտվեց «կապտանռնագույնների» դժվարին հաղթանակով: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը: 29-րդ րոպեին գլխի ուժեղ հարվածով Էլյակիմ Մանգալան գնդակն ուղարկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը:

5 րոպե անց տանտերերի հարձակվող Նեյմարը եզրից նետում կատարեց դեպի Լուիս Սուարեսը, իսկ վերջինս հավասարեցրեց խաղի հաշիվը: 45-րդ րոպեին Լիոնել Մեսսին երկրորդ գնդակն ուղարկեց «չղջիկների» դարպասը` անվրեպ իրացնելով մրցավարի կողմից նշանակած 11 մետրանոցը: 

«Վալենսիան» երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո շարժվեց առաջ և կարողացավ ընդմիջման գնալ հանդիպման հաշիվը հավասարեցնելով: Գոլով աչքի ընկավ Մունիր Էլ Հադադին, սակայն այն ուրախությամբ չտոնեց, քանի որ հանդիսանում է «կապտանռնագույնների» սանը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, իսկ հանդիպման վերջնական հաշիվն ապահովեց արդեն «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստ Անդրե Գոմեշը:

Հավելենք, որ դեղին քարտ ստանալու պատճառով Մեսսին բաց կթողնի Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպումը:

Այս խաղից հետո «Բարսելոնան» իր ակտիվում գրանցեց 60 միավոր և շարունակեց զբաղեցնել Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Վալենսիան» 30 միավորով 14-րդ տեղում է:

«Բարսելոնա»-«Վալենսիա»` 4:2

Գոլերը` Սուարես (35), Մեսսի (45, 11 մետրանոց, 52), Գոմեշ (89) - Մանգալա (29), Էլ Հադադի (45+1)

Share |

Լրահոս