Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան 1-ին անգամ տեղ է զբաղեցրել աշխարհի առաջնության 8 ուժեղագույնների մեջ

10:26 06.04.2017

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտել են խոցասուսերակիր աղջիկները (154 մասնակից):

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան նախնական փուլում տանելով հինգ հաղթանակ՝ մտել է պայքարը շարունակող 128 մարզուհիների մեջ:

Այս փուլից պայքարը շարունակվում էր օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում էր ասպարեզը: Էմմա Պողոսովան յուրաքանչյուր փուլում մեկը մյուսի հետևից պայքարից դուրս է թողել ավստրալացի, ամերիկացի, եգիպտացի, շվեյցարացի մրցակիցներին և մտել ութ ուժեղագույնների մեջ ու միայն այստեղ պարտվել ԱՄՆ-ն ներկայացնող Քեթրին Նիքսոնին:

Էմման, ի վերջո, գրավել է 5-րդ տեղը:

Էմմա Պողոսովայի մարզիչ Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:

Share |

Լրահոս

Loading...