Լեսթեր Պելտիեր. Նապոլիի կարգի թիմերի դեմ խաղալով մեծ փորձ եմ ձեռք բերել

20:28 19.04.2017

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերին լայնածավալ հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որում պատմել է կարիերայի առավել ուշագրավ դրվագների մասին:

-19 տարեկանում փորձաշրջան անցար Լոնդոնի «Արսենալում», այնուհետև մոտ էիր Պրեմիեր լիգայում հանդես եկող «Պորտսմութ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ, քանի որ չհաջողվեց աշխատանքային վիզա ստանալ Անգլիայում:

-Ցանկացած ֆուտբոլիստ Տրինիդադ և Տոբագոյից երազում է խաղալ Անգլիայի առաջնությունում: Բոլորի աչքի առջև է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքի օրինակը: Այո, ես երեք ամիսների ընթացքում փորձաշրջան էի անցնում «Արսենալում»: Այնուհետև ինձ նկատեց լեգենդար Հարի Ռեդնապը և հրավիրեց «Պորտսմութ»: Ինձ 4 տարվա պայմանագիր առաջարկեցին, սակայն այն ժամանակ դեռ բավականաչափ հանդիպումներ չէի անցկացրել ազգային հավաքականի կազմում և ինձ չհաջողվեց Անգլիայում աշխատանքային վիզա ստանալ: Փոխարենը հայտնվեցի Սլովակիայում և հաջող ելույթներ ունեցա այդ երկրում:

-Սլովակիայում դու մեծ հաջողությունների ես հասել «Սլովանի» հետ, որի կազմում նաև մասնակցել ես Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումների` խաղալով իտալական «Նապոլիի» և Պրահայի «Սպարտայի» կարգի ակումբների հետ:

-Սլովակիայի «Տրենչինում» ունեցած հաջող ելույթներից հետո ինձ հրավիրեցին այդ երկրի ուժեղագույն ակումբ` «Սլովան»: Սկզբնական շրջանում կար լարվածություն, քանի որ հասկանում էի, որ իմ տեղափոխության համար բավականին մեծ գումար են վճարել: Սակայն, ես գիտեի, թե ինչ եմ ուզում և որն է իմ նպատակը: «Սլովանում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում երկու անգամ դարձա Սլովակիայի չեմպիոն, ևս երկու անգամ` երկրի գավաթակիր, ինչպես նաև` սուպերգավաթակիր: Բավականին մեծ թվով գոլեր խփեցի, չնայած, պետք է նշեմ, որ ավելի ուժեղ կողմեր էլ ունեմ: Խաղալով եվրոպական ակումբային մրցաշարերում` նման կարգի թիմերի հետ, մեծ փորձ կուտակեցի:

(շարունակելի...)

Share |

Լրահոս