Խամրած կապտանռնագույնները (բլոգային նյութ)

22:55 20.04.2017

Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» տխուր խաղը համաշխարհային ֆուտբոլի դիտակետում է: «Յուվենտուսի» հետ խաղից հետո armsport.am-ը մի շարք նամակներ է ստացել, որոնցից մեկը՝ ստորև.

«Երկրորդ տարին անընդմեջ կատալոնացիները դուրս են մնում 1/4 եզրափակչից, ինչն իրապես մեծ ծախողում է այսպիսի մակարդակ ունեցող թիմի համար։ Մակարդակի մասին այժմ խոսելն իսկ ավելորդ է, քանի որ թիմի ներուժի և ցուցադրած խաղի միջև չափազանց մեծ տարբերություն կա:

«Բարսելոնայի» երկրպագուները դարձյալ հավատում էին հրաշքի, բայց խաղը հավատին տեղ չթողեց, նաև «Յուվենտուսը» չթողեց: «Կամպ Նոուում» երկրպագուների շքեղ ներկայացումը ավարտվում էր խաղադաշտին մոտ, քանի որ անգամ կապտանռնագուններով շրջապատված, սև ու սպիտակներն իշխում էին:

Ի՞նչ է պատահել երբեմնի հզոր «Բարսելոնային». հարց, որը տանջում է շատերին։ Ամեն ինչ դեռ Թուրինում էր պարզ: «Պապն ամեն օր փլավ չի ուտում». այս արտահայտությունը շատ էր շրջանառվում և բավականին տեղին, քանի որ նման մակարդակի ամեն խաղում չէ, որ հետ կգաս անհույս իրավիճակից: Քամբեքի մասին մտածելու փոխարեն պարզապես կարելի էր Իտալիայում նորմալ ֆուտբոլ խաղալ:

Մեղադրում են Մեսսիին, Լուիս Էնրիկեին, մյուսներին... բոլորը հատ առ հատ մեղավոր են՝ Անդրե Գոմեշից մինչև Լուիս Էնրիկե, Մեսսիից մինչև Նեյմար: Նման ակումբները, ինչպիսին «Բարսելոնան» է, անձերով չեն սկսում ու ավարտվում, քանի որ այդ թիմի, այդ կոլեկտիվի թիկունքին բազմամիլիոնանոց բանակ է կանգնած:

«Բարսելոնայի» մասին հարցերն այժմ ավելի շատ են, քան պատասխանները: Արդյո՞ք ավարտվում է «Բարսայի» ոսկե շրջանը. ահա այն սթափեցնող հարցը, որի պատասխանն առաջիկայում որոնվելու է: Այն, որ ակումբին գլոբալ փոփոխություններ են պետք, անառարկելի փաստ է»:

Լիդիա Կարապետյան

Share |

Լրահոս