Բորուսիայի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել

12:26 21.04.2017

Գերմանիայի ոստիկանությունը Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյուններին ներգրավվածության կասկածանքով ձերբակալել է Ռուսաստանի 28-ամյա քաղաքացի Սերգեյ Վ.-ին, հայտնում է meduza.io-ն՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ները:

AP գործակալությունը նշում է, որ կասկածյալը երկքաղաքացիություն ունի՝ գերմանական և ռուսական:

Դատախազության տարածած հայտարարությունում նշվում է, որ Սերգեյ Վ.-ն կարող էր գործել ֆինանսական շարժառիթներով՝ հույս ունենալով, որ «Բորուսիա»-ի բաժնետոմսերի գինը կնվազի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա հարձակումից հետո:

Bild-ը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել է, որ Սերգեյ Վ.-ն կարող էր ռումբերը գործի դնել հեռակա կարգով՝ «L’Arrivee» հյուրանոցից, որտեղ մնում էին ֆուտբոլիստները: Նա գրավել էր հյուրանոցի աշխատակիցների ուշադրությունը՝ ցանկանալով փոխել իր սենյակը փողոց նայող պատուհաններով սենյակով:

Նա նաև գրավել էր իրավապահ մարմինների ուշադրությունը նրանով, որ հյուրանոցում «Բորուսիա»-ի բաժնետոմսերի փաթեթի հետ կապված կասկածելի գործողություն էր իրականացրել:

Նշվում է, որ «Բորուսիա»-ի բաժնետոմսերի կտրուկ անկման շնորհիվ Սերգեյ Վ.-ն կարող էր աշխատել մինչև 3,9 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ֆուտբոլիստների ավտոբուսի մոտ երեք պայթյուն է տեղի ունեցել, երբ «Բորուսիա»-ն հյուրանոցից մեկնում էր մարզադաշտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ֆուտբոլիստ Մարկ Բարտրան և նրանց ուղեկցող ոստիկանը:

Share |

Լրահոս