Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» ու 1:3 հաշվով պարտություն կրեց Արմեն Ադամյանի թիմից:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 13-րդ րոպեին բացեց Գուստավո Մարմենտինին՝ հեռահար գեղեցիկ հարվածով խոցելով գյումրեցիների դարպասը:
Առաջին կեսի միջնամասում Մարմենտինին դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը ու «Ալաշկերտը» ընդմիջման գնաց 2:0 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսի մեկնարկում անկյունայինի խաղարկումից հետո գյումրեցիների ու առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն գրավել է «Ալաշկերտի» դարպասն ու մեկ գնդակ ետ բերել, սակայն ավելին անել «Շիրակին» չհաջողվեց:
Ավելին, 85-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում վերջնահաշիվը ձևակերպեց Տիագո Գալվաոն՝ երրորդ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:
Հանդիպման ավելացրած ժամանակում «Շիրակը» մնաց 10 հոգով: Կարեն Մուրադայանը երկրորդ դեղին քարտով հեռացվեց դաշտից:
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտն» իր միավորների թիվը հասցրեց 26-ի ու գտնվում է ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում, իսկ Վարդան Բիչախչյանի թիմը 14 միավորով 4-րդն է: