Արթուր Քարտաշյան. Ցանկանում եմ լավագույն տարբերակն ընտրել կարիերայիս համար

16:35 11.05.2017

ArmSport.am-ն այս անգամ հյուրընկալել է «Փյունիկի» 20-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանին:

Ֆուտբոլիստը մեզ մոտ եկավ թիմի հերթական մարզումից հետո և նախ պատմեց, թե այն ինչպես է անցել.

«Մարզումը շատ լավ անցավ: Պատրաստվում ենք «Ալաշկերտի» հետ առաջիկա խաղին: «Շիրակից» կրած պարտությունից հետո փորձում ենք պահպանել լավատեսությունն ու բարձր տրամադրությամբ ենք անցկացնում մարզումները: Պետք է լավ պատրաստվենք»:

Ինչը՞ չստացվեց «Շիրակի» հետ օրեր առաջ կայացած այդ խաղում:

- Չէինք կարողանում գտնել մեր խաղը: Չգիտեմ, երևի հոգնածություն կար թիմի մոտ: Շատ բարդ խաղ ընթացավ: Երկրորդ կեսում ցավալի գոլ բաց թողեցինք, ու ճիշտ է՝ մեր դարպասապահը հետ մղեց 11-մետրանոցը, բայց դա մեզ չօգնեց: Ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Պետք է առաջ նայենք ու պատրաստվենք առաջիկա խաղին: Խաղից հետո միանշանակ կար ընկճվածություն, գլուխներս կախ գնացինք տուն: Բայց դա չի նշանակում, որ հաջորդ խաղն էլ պետք է այդպես լինի, քանի որ պատրաստվելու ենք 100 տոկոսով և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար:

Համենայն դեպս, «Շիրակից» կրած այդ պարտությունից հետո բրոնզե մեդալի համար ավելի դժվար կլինի պայքարելը: Կարելի՞ է ասել, որ ձեր ամբողջ կենտրոնացումն այժմ ուղղվելու է Գավաթի խաղարկությանը:

- Մենք միշտ կենտրոնանում ենք առաջիկա խաղին: Ինչ խաղ ուզում է լինի, եթե առջևում խաղ ունենք անցկացնելու, պատրաստվում ենք այդ հանդիպմանը:

Այդ դեպքում «Ալաշկերտի» հետ առաջիկա խաղից ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Առհասարակ, «Ալաշկերտը» շատ բարդ մրցակից է, փորձառու թիմ է, ունի շատ լավ լեգիոներներ: Պետք է 100 տոկոսով պատրաստվենք այդ խաղին ու կարծում եմ՝ հաջողությունը կժպտա մեզ:

Նորից անցում կատարենք Գավաթի խաղարկությանը: «Շիրակի» հետ կայանալիք եզրափակչում հաջողության հասնելու համար ի՞նչ է պետք:

- Կարծում եմ՝ ամենակարևորը նվիրվածությունն է: Տղաները պետք է ամբողջովին նվիրվեն խաղին, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: «Շիրակը» շատ բարդ մրցակից է և դրական արդյունքը մեզ միանշանակ հեշտ չի տրվելու:

«Շիրակն» իր պատմության ընթացքում մեկ անգամ է նվաճել Հայաստանի Գավաթը, ի տարբերություն «Փյունիկի» որն այս առումով ամենատիտղոսակիրն է հայկական ակումբների շարքում՝ 8 անգամ: Հաշվի առնելով վիճակագրությունը՝ կարելի՞ է ասել, որ եզրափակչում ֆավորիտը «Փյունիկն» է:

- Ֆավորիտ, կարծում եմ, չկա: Երկու թիմերն էլ հավակնում են գավաթին, շանսերը 50/50 են: Ինչպես արդեն նշեցի, «Շիրակը» շատ լավ թիմ է, ու մեզ պես՝ ամեն ինչ անելու է հաղթանակի համար: Ինչպես նշեցիք, մեկ անգամ են դարձել Հայաստանի գավաթակիր, և անպայման կցանկանան ավելացնել տիտղոսների թիվը: Նույնն էլ մեզ համար: Այս գավաթն ամենակարևորներից մեկն է, հասել ենք մինչև եզրափակիչ, որ կարողանանք նաև նվաճել Գավաթը:

Ինչպիսի՞ն էր ձեզ համար ճանապարհը մինչև Հայաստանի գավաթի եզրափակիչ:

- Շատ բարդ: Հենց առաջին խաղն անցկացրինք «Ալաշկերտի» հետ, որն ամենաբարդ մրցակիցներից մեկն էր: Կարողացանք հաղթահարել վերջինիս արգելքն ու այդպես մեր հաջողությունները շարունակվեցին: Հասանք մինչև եզրափակիչ: Իսկ եզրափակչում ամեն ինչ պետք է անենք հաջողության հասնելու համար:

Առաջնությունումում «Փյունիկը» լավ մեկնարկեց, բայց այնուհետև հետ մնաց առաջատարներից. ի՞նչը չստացվեց: Ընդհանրապես, առաջնությունն ինչպիսի՞ն է «Փյունիկի» համար:

- Առաջնությունում լավ մեկնարկեցինք, բայց անընդհատ նույն կազմով էինք հանդես գալիս, ինչը բարդ էր: Չունեինք լավ փոխարինող կազմ, պահեստայինների նստարանը կարճ էր, ինչն էլ առաջնության վերջնահատվածում, ըստ իս, իր ազդեցությունն ունեցավ: Արդարացումներ չեմ փնտրում, ամեն ինչ մեզնից է կախված: Պետք է ամեն ինչ անենք ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար:

Շատ հետաքրքրիր առաջնություն է, լարված պայքար է ընթանում: Սկզբում միավորներով հետ էինք մնում առաջատար հորիզոնականներից, բայց հետո թափ հավաքեցինք: Գյումրիում «Շիրակին» 2:0 հաշվով հաղթելուց հետո միացանք մրցավազքին, բայց հետո նորից բախտը չժպտաց մեզ: 

Անակնկալներ եղա՞ն ընթացիկ առաջնությունում:

- Կարծում եմ՝ ոչ: Պարզապես այն դիրքը, որում մենք գտնվում ենք, մեր տեղը չէ:

Մրցաշրջանն ավարտին է մոտենում: Անձամբ Ձեր հետագա ծրագրերը «Փյունիկի» հե՞տ են կապված:

- Նպատակս արտասահմանյան, ցանկալի է՝ եվրոպական որևէ ակումբում կարիերաս շարունակելն է: Ճիշտ է՝ հիմա հստակություն չկա այդ առումով, բայց որոշակի բանակցություններ կան: Կարծում եմ՝ կհաջողվի: Հակառակ դեպքում, ես մեծ սիրով կշարունակեմ հանդես գալ իմ հարազատ ակումբում:

Տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Պորտուն» է հետաքրքրված Ձեր ծառայություններով: Այդ մասին ի՞նչ կասեք:

- Չեմ կարող ոչինչ ասել: Չգիտեմ: Ես էլ եմ լրատվամիջոցներից տեղեկացել այդ մասին: Այդքանով սահմանափակվեց ամեն ինչ: Ինձ հետ, ամեն դեպքում, կապ չի եղել:

-  Այդ լուրերից հետո ի՞նչ փոխվեց Ձեր մեջ:

- Ոգևորեց ու միևնույն ժամանակ պարտավորեցրեց ինձ: Դրանից հետո սկսեցի ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել գործիս:

Իսկ Ձեզ համար կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակը ո՞րը կլինի, ո՞ր երկրի առաջնությունը:

- Ես Իսպանիայի առաջնության երկրպագու եմ, բայց որ տարբերակն ինձ և իմ կարիերայի հետագա ընթացքի համար ավելի բարենպաստ լինի, մեծ ուրախությամբ կհամաձայնեմ: Ցանկանում եմ լավագույն տարբերակն ընտրել կարիերայիս համար:

Բավականին երիտասարդ տարիքում հրավիրվեցիք Հայաստանի ազգային հավաքական: Կպատմե՞ք՝ ինչ զգացողություններ ունեցաք այդ ժամանակ:

- Բավականին դրական լիցքեր ստացա: Հրավերն անսպասելի էր: Ազգային հավաքական հրավիրվելը շատ պարտավորեցնող է, մեծ պատասխանատվություն է ենթադրում: Բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեր դրոշն է, մեր պատիվը: Հիմա ես ցանկանում եմ անել ամեն ինչ, որպեսզի կարողանամ խաղալ և ամրապնդվել ազգային թիմի հիմնական կազմում:

Չնայած ազգային թիմում դեռ նորամուտը նշելու հնարավորություն չեք ստացել, բայց, ամեն դեպքում, հավաքականի ճամբարում գտնվելը Ձեզ ի՞նչ է տվել:

- Մեծ փորձ: Նման  ֆուտբոլիստների հետ հավաք անցկացնելը, նրանց կողքին մարզվելը միայն դրական ազդեցություն է ունենում: Ես յուրաքանչյուր խաղում սպասում եմ իմ շանսին, հուսամ՝ կստանամ այն, իսկ դրա համար պետք է կայուն և լավ ելույթներ ցուցադրել առաջնությունում և ձեռք բերել մարզիչների վստահությունը:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս