EPL Index-ը Մխիթարյանին ընթացիկ մրցաշրջանի համար 7 գնահատականն է տվել

14:56 17.05.2017

«EPL Index»-ը վերլուծել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ անցած ամառվա ձեռքբերումներն ու գնահատականներ տվել նրանց ազդեցությանը մանկունիացիների խաղի վրա ընթացիկ մրցաշրջանում:

Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 10-ից 7 գնահատականն է ստացել:

«Հայ ֆուտբոլիստի համար, միանշանակ, թույլ ստացվեց մեկնարկը, բայց հենց Մխիթարյանը շանս ստացավ, ցույց տվեց, թե ինչու է համարվում Եվրոպայի ամենահիանալի տաղանդներից մեկը:

Չնայած Պրեմիեր լիգայի ընդամենը 14 խաղում մեկնարկային կազմում դաշտ դուրս գալու հնարավորություն ստացավ՝ նա 4 գոլ խփեց և դարձավ «Յունայթեդի» հարձակման ամենասպառնալի զենքը, երբ լավագույն մարզավիճակում է»,- գրել է հոդվածագիրը Մխիթարյանի մասին:

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստն ունի արագություն և ստեղծագործ մոտեցում, բայց պետք է աշխատի իր ֆիզիկական պատրաստվածության վրա, որպեսզի ամբողջովին հարմարվի Պրեմիեր լիգային.

«Երբեմն նա շատ հեշտությամբ է կորցնում գնդակը, նրան չի հերիքում ուժն ու ուշադրությունը՝ դաշտի կարևոր մասերում գնդակ պահելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդում» նրա առաջին մրցաշրջանը խոստումնալից է և հաջորդ մրցաշրջանից սկսած նա պետք է հիմնական կազմի խաղացող դառնա»:

Նշենք՝ ՄՅՈւ-ի նորեկներից Պոլ Պոգբան և Էրիկ Բային ստացել է 6 գնահատականը, իսկ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 8 գնահատականն է ստացել:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց անգլիական ակումբ՝ 35 մլն ֆունտի դիմաց:

Share |

Լրահոս