Վահագն Հարությունյան. Սպասվում է, որ արտոնագիր ունեցող մարզիչների թիվը կավելանա ևս 15-ով

22:42 17.05.2017

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և ՀԱՕԿ-ը մայիսի 23-ից 30-ը Երևանում կանցկացնեն մարզչական սեմինար, որը կվարի փորձառու սերբ մարզիչ Վեսելին Մատիչը:

Սեմինարը նպատակ է հետապնդում բարձրացնել հայ մարզիչների որակավորումը և տալ նրանց համապատասխան արտոնագրեր: Այց թեմայի վերաբերյալ ՀԲՖ մամուլի քարտուղարությունը զրուցել է ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, Հայաստանում առաջին անգամ չէ անցկացվում նման սեմինար: Ինչո՞վ է այն տարբերվելու նախորդներից:

- Այս անգամ արդեն մարզիչները սեմինարի ավարտից հետո կարող են ստանալ մարզչական արտոնագիր, որը թույլ կտա նրանց աշխատել ակումբներում կամ հավաքական թիմերում: ՖԻԲԱ-ն և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն համագործակցում են, որ մարզիչները համապատասխան արտոնագրեր ունենան, եթե ցանկանում են աշխատել երեխաների կամ մեծահասակների հետ: Սա ողջ աշխարհում ընդունված ձև է, որն աստիճանաբար կկիրառվի նաև Հայաստանում:

- Ներկայումս Հայաստանում քանի՞ մարզիչ ունի ՖԻԲԱ-ի մարզչական արտոնագիր:

- Այս պահի դրությամբ 9 մարզիչներ ունեն այդ արտոնագրից: Նրանք հիմնականում հավաքական թիմերում աշխատած մարզիչներն են: Եվրոպայի առաջնություններին կարող են մասնակցել միայն արտոնագիր ունեցող մարզիչները և սա առիթ է հանդիսացել, որ նախորդ տարիներին տեղացի մասնագետներից 9-ը ստանան արտոնագրեր: Առաջիկա մարզչական սեմինարից հետո սպասվում է, որ արտոնագիր ունեցող մարզիչների թիվը կավելանա ևս 14-15-ով:

- Ի՞նչ է սպասվում այն մարզիչներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանալու ստանալ արտոնագրեր:

- Կտրուկ որոշումներ չեն լինի, սակայն աստիճանաբար, Հայաստանի առաջնություններին մասնակցող թիմերում կարող են աշխատել միայն այն մարզիչները, որոնք ունեն մարզչական արտոնագիր:

Share |

Լրահոս