Գեղասահքի Հայաստանի առաջնությունում հանդես կգան բոլոր առաջատար գեղասահորդները

15:38 19.05.2017

Մայիսի 22-23-ը Երևանի` Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում կընթանա մարզաձևի Հայաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 100 գեղասահորդներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուզբեկստանից:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնել է, որ այդ օրերին Երևանում կլինի Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:

«Ալեքսանդր Ռաֆաիլովիչն առաջնության պատվավոր հյուրը կլինի: Նա կուսումնասիրի մեր ենթակառուցվածքները, կհանդիպի մարզիկների և մարզիչների հետ: Նրա խորհուրդները մեզ համար շատ օգտակար կլինեն»,-նշել է ՀԳՖ նախագահը:

Հանրապետության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար գեղասահորդները` Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը:

Կժամանի մենասահորդ Կոնստանտին Մելնիկովը (Ռուսաստան), որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և հանդես է գալու մեր դրոշի ներքո:

Հանդիսատեսին անակնկալ է սպասվում, քանի որ ժամանելու է նաև Վազգեն Ազրոյանը, որը 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում Անաստասիա Գրեբյոնկիանայի հետ, Հայաստանի դրոշի ներքո ելույթ է ունեցել զուգապարերում:

«Հիմա Ազրոյանը մարզչական աշխատանքով է զբաղվում: Նա Հայաստան կգա դստեր` Վիկտորյայի հետ: Պատանի գեղասահորդուհին 15 տարեկան է, Ֆիլիպ Խարիսովի հետ հանդես է գալիս զուգապարեր մրցաձևում: Երևանում մենք անձամբ կարող ենք տեսնել նրանց ելույթը»,- ասել է Մելանյա Ստեփանյանը:

ՀԳՖ նախագահի հրավերով Երևան կժամանի նաև ՉՄՄ տեխնիկական մասնագետ Սարգիս Թևանյանը՝ Լեհաստանից:

Թևանյանը կլինի առաջնության գլխավոր մրցավարը և մրցավարական սեմինար կանցկացնի:

Մրցավարության համար ֆեդերացիան հրավիրել է նաև Վահիկ Ղազարյանին (Բարսելոնա) և Սիմոն Սիմոնյանին (Ավստրիա): Նրանք բոլորը գեղասահքի հայկական դպրոցի սաներ են:

Նրանց կօգնի տեղացի մրցավար Էմիլ Դանիելյանը: Հայաստանում միայն նա միջազգային մրցաշարերում աշխատելու իրավունք ունի:

Share |

Լրահոս