Կիոկուշին-կայ կարատե դո ազգային ֆեդերացիայի անելիքները. մանրամասնում է Սպարտակ Գասպարյանը

15:40 26.05.2017

«ArmSport.am»-ն այս անգամ հյուրընկալել է Կիոկուշին-կայ կարատե դո ազգային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 4-րդ դան Սպարտակ Գասպարյանին:

Մեզ հետ զրույցում ԿԿԱՖ ֆեդերացիայի նախագահը պատմեց Հայաստանի ավարտված առաջնության, առաջիկա մրցաշարերի և սպասելիքների մասին.

«Մեկ ամիս առաջ անցկացրինք Հայաստանի առաջնությունը, որին 500 մարզիկներ մասնակցեցին: Առաջնության մակարդակը բավականին բարձր էր: Ուրախալի է այն, որ ամեն անգամ համայնքների ներկայացուցիչների թիվն ավելանում է, աշխարհագրությունը մեծանում է:

Սպորտում կարևոր է նաև այն, որ ամեն անգամ նույն մարդիկ չեն դառնում չեմպիոն: Մրցակցությունը բավականին մեծ էր և բոլորին հնարավորություն էր տրվել իրենց դրսևորելու համար»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:

Սպարտակ Գասպարյանը նաև հայտնեց, որ մեկ ամիս անց իրենք Ռումինիայի Բուզեու քաղաքում կմասնակցեն Աշխարհի Գավաթին.

«Ուղիղ մեկ ամսից կմեկնենք Ռումինիա 55 հոգանոց պատվիրակությամբ (45 մարզիկ, 10 մարզչից բաղկացած շտաբ), որտեղ կմասնակցենք Աշխարի գավաթին: Առաջիկայում դա կլինի ամենակարևոր ստուգատեսը մեզ համար:

Նախապատրաստական փուլը վաղուց սկսել ենք և հիմա էլ հավաքների մեջ ենք: Հայաստանի առաջնությունից առաջ արդեն ընտրում էինք կազմերը՝ ըստ թիմերի, մարզերի և խմբերի: Առաջնությունից հետո մոտ 90 տոկոսով արդեն կազմը պատրաստ էր, իսկ երկու օրից արդեն կստանանք վերջնական տեսքը: Հայաստանի առաջնությունը ցույց տվեց, որ տղաները լավ մարզավիճակում են գտնվում:

Չեմ ցանկանում ժամանակից շուտ կանխատեսումներ անել արդյունքների վերաբերյալ, բայց երկու տարի առաջ այդ նույն մրցաշարին մասնակցելով՝ բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել, և հիմա էլ մեծ սպաելիքներ ունենք, հույս ունենք չեմպիոններ և մեդալակիրներ ունենալ: Չնայած, սա սպորտ է, ցանկացած ժամանակ նույնիսկ ամենատիտղոսակիր մարզիկն էլ կարող է սայթաքել: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»,- ասաց Սպարտակ Գասպարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում և Մեղրիում տեղի է ունեցել Կիոկուշին-կայ կարատե դո ազգային ֆեդերացիայի գոտիների որակավորման քննությունները:

120 մարզիկներ, որոնք ներկայացրել են Արցախի 3 շրջանների ֆեդերացիայի 6 խմբերը, քննություններ են հանձնել ԿԿԱՖ նախագահ, սև գոտի 4-րդ դան Սպարտակ Գասպարյանին և ԿԿԱՖ հավաքականի մարզիչ, սև գոտի 2-րդ դան Րաֆֆի Թորոսյանին: Ֆեդերացիայի նախագահը մեզ հետ զրույցում ամփոփեց անցկացված քննությունները.

«Արցախում անցկացված որակավորման քննությանը 120 մարզիկ մասնակցեց, իսկ Մեղրիում՝ 95: Մենք համայնքների զարգացման հավասարաչափ մարտավարություն ենք ընտրել: Չենք կենտրոնացել միայն Երևանի կամ Կոտայքի վրա, և դա տալիս է իր ցանկալի արդյունքը: Պատահական չէ, որ Հայաստանի առաջնությանը տեղ ենք տալիս հենց սահմանամերձ համայնքներին, ինչն էլ նպաստում է առողջ սերնդի մեր որդեգրած գավափարին: Ցանկանում ենք, որ բոլոր համայնքներում լինեն առողջ տղաներ, առողջ սերունդ:

Գասպարյանը գոհունակությամբ նշեց, որ իրենց մարզաձևի հանդեպ ուշադրությունը աստիճանաբար մեծանում է.

«Տարիներ առաջ ոչ միայն Օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը, այլև տեղական ինքնակառավարման մարմինները՝ մարզպետեր, համայնքապետեր, շեշտը դրել էին օլիմպիական առանցքային մեկ-երկու մարզաձևի վրա, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր մեծ ուշադրություն է դարձվում նաև մեր մարզաձևին:

Եվ այս առիթով կցանկանամ շնորհակալություն հայտնել ինչպես Արցախի Հանրապետության ղեկավարությանը, որոնք մեծապես նպաստում են մարզաձևի զարգացմանը Արցախում, այնպես էլ Մեղրու համայնքապետին՝ Մխիթար Զաքարյանին: Նա մտադիր է մեծ մարզահամալիր կառուցել Մեղրիում: Կցանկանամ նաև առանձին շնորհակալություն հայտնել պատգամավոր Արամ Հայրապետյանին, որը մտադիր է իր աջակցությունը ցուցաբերել մեզ՝ Ռումինիա մեկնելու համար:

Ուրախ եմ, որ մեր մարզաձևի հանդեպ ուշադրությունն աստիճանաբար մեծանում է: Չէ՞ որ սա ևս աշխարհին մեր երկիրը ներկայացնելու միջոց է: Եվ ամեն դեպքում կարատե մարտարվեստը ոչ միայն սպորտ է, այլև՝ փիլիսոփայություն»,- եզրափակեց իր խոսքը Սպարտակ Գասպարյանը:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...