Խաշմանյանի Ալաշկերտը. Հայկական ֆուտբոլի գլխից վեր ցատկելու մասին

15:58 13.07.2017

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց ԲԱՏԷ-ի հետ հանդիպումը: Հայաստանի չեմպիոնն իսկական հրաշք արարեց, որը երկար է մնալու բոլորիս հիշողություններում:

Կատարվածի շատ մեծ կարևորությունը մի շարք հանգամանքներում է. առաջնություն, պատրաստական շրջան, երկրի ակումբային ֆուտբոլի մինուս մակարդակ... և այս ֆոնին նման բան անելը փառահեղին շատ մոտ է:

Հանդիպման ավարտից հետո իսկական տոն էր սոցիալական ցանցերում: Չհավատացող երկրպագուները զարմացած էին:

Խաղից առաջ մեր քաղաքում ֆուտբոլային մթնոլորտը միայն բուքմեյքերական կետերում էր: Շատ-շատ էին մարդիկ, ովքեր ԲԱՏԷ-ի մեծ առավելությամբ հաղթանակի վրա խաղադրույքներ էին կատարում, իսկ հավատացողներն ընդամենը սպասում էին, քանի որ ծաղրանքի կենթարկեին, եթե խոսք անգամ լիներ դրական արդյունքի վրա:

Մարդկանց մի զարմանալի, ախր բառ էլ չկա ասելու, աբսուրդ զանգված էլ քննադատում է «Ալաշկերտին» դժգույն խաղի համար: Մի փոքր ծիծաղելի կթվան տողերը, եթե շարունակենք այս թեմայի վերաբերյալ խոսել: Թիմը փաստացի հավատաց, չընկրկեց կարևոր պահերին և եղավ բաղձալի արդյունքը: Երբ ընտրված մարտավարությունն արդյունք է տալիս, ավելորդ է խոսել, թե այլ մարտավարությամբ ինչպես կընթանար խաղը: «Գիտակների» կանխատեսումների գլխիվայր հակառակը եղավ. վայ քու, թարս բան ստացվեց, ոչինչ, նոր հեծանիվ կհորինենք, ամենագետ ենք, չէ՞: Ոչ մի ամենագետ էլ լինել պետք չէ. պետք է սիրել մեր ֆուտբոլը և ուրախանալ նման մեծ, իրոք մեծ հաջողություններով: Քննադատել կարելի է մյուս թիմերին, որոնք որակավորման 1-ին փուլը չանցան, բայց դա էլ այլ հարց է:

Այս ամենի հեղինակը, մեծ հաշվով, ՀՖՖ-ի գործկոմի 6 անդամների ներկայացրած եռյակում չհայտնված, բացի մեկից, բոլոր ԶԼՄ-ների վարկածով տարվա լավագույն մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է: Մարզիչ, ով հայկական ֆուտբոլի գլխից վեր ցատկեց. մի մեջբերում. «Շատ մասնագետներ սխալվում են: Ջերմ բարևներս բոլոր այդ մասնագետներին: Կուզենայի հիմա տեսնել մի քանիսին»,- այս միտքը Խաշմանյանն ասել էր չեմպիոն դառնալուց հետո:

Պետք է սթափ լինել բոլոր պահերին. պարտությունների ու հաղթանակների պահերին ճիշտ դատողություններ են պետք, մնացածը տգեղ է:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս