«Ներիր ինձ, բայց ցանկանում եմ մի բան ասել...». Մարկիզիոյի հուզիչ նամակը Բոնուչիին

23:37 14.07.2017

«Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հրաժեշտի նամակ է գրել իր արդեն նախկին թիմակից Լեոնարդո Բոնուչիին:

Նամակում գրված է հետևյալը. «Սիրելի Լեոնարդո, 7 տարի առաջ դու եկար մեծ ընտանիք՝ «Յուվենտուս»: Սկզբում ամեն ինչ հեշտ չէր, մենք քննադատում էինք քեզ: Այնուհետև եկավ Կոնտեն և ամեն ինչ փոխվեց: Մենք գնահատեցինք քեզ և հասկացանք, որ դու մեծագույն խաղացող ես: Այս տարիների ընթացքում դու շատ առաջադիմելով՝ դարձար աշխարհի միգուցե ամենաուժեղ պաշտպանը: Դու շատ բան ես տվել «Յուվեին», «Յուվեն» էլ քիչ չի տվել քեզ: 

Այս տարիներին դու սև-սպիտակների համար կուռք ես դարձել: Մենք քեզ սիրել ենք ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ նաև որպես «Յուվենտուսի» համակիր: Քեզնում հաղթանակի մղում ենք տեսել և անձնազոհություն հանուն մեր ակումբի գույների: Մենք աղոթել ենք, լացել և ժպտացել քեզ հետ: Տվել ես երջանկություն և անմոռաց էմոցիաներ: Տեսնո՞ւմ ես, սիրելի Լեո, «Յուվենտուսը» հույս է, հավատ...: Մենք և երկրպագուներն անմնացորդ սիրում ենք ակումբի գույները: Մեզ համար գումարի հարց չէ, այլ սրտի:

Լեո, հեռանում ես, ես շնորհակալություն եմ հայտնում այս տարիների համար: Դու գնում ես, ինչի իրավունքն ունես: Նախկինում տեսել եմ, թե ինչպես են հեռացել Բաջոն, Զիդանը, Իբրահիմովիչը, Վիերին և շատ այլ կուռքեր: Կան ֆուտբոլիստներ, որոնք մնում են յուվենտուսցի... հավերժ: Ես քեզ հաջողություններ եմ մաղթում:

Ներիր ինձ, բայց ցանկանում եմ մի բան ասել. գիտեի, թե յուրահատուկ ես վերաբերվում մեր սպիտակ և սև գույներին, ես կարծում էի դու յուրահատուկ ես: Ես մտածում էի, թե մի օր ստադիոն եմ գալու և հրաժեշտ եմ տալու մեծագույն յուվենտուսցու՝ Լեոնարդո Բոնուչիին: Ցավոք, դա երևի կլինի այլ տեղում: Շատ եմ ցավում:

Ցտեսություն, Լեո՛, շնորհակալություն ամեն ինչի համար, դու կլինես «Յուվենտուսի» պատմության ուժեղագույններից մեկը:

Երբ մենք հանդիպենք որպես մրցակիցներ, ըստ ամենայնի՝ քեզ կսուլեն, իսկ ես ցավ կապրեմ, քանի որ կարող էիր դասվել այնպիսիների շարքին, ինչպիսիք են Դել Պիերոն, Բուֆոնը, Պլատինին...: Ֆուտբոլում լեգենդներն ավելին են, քան աստղերը, սա իհարկե երկրպագուներիս վարկածով:

Քեզ գրում է «Յուվենտուսի» երկրպագու»:

Հիշեցնենք, որ Լեոնարդո Բոնուչին, ով վերջին 7 տարիներին հանդես է եկել «Յուվենտուսում», պաշտոնապես տեղափոխվել է «Միլան»:

Share |

Լրահոս