Հայկական միգուցե վատագույն ակումբը՝ Արարատը խայտառակվեց

17:20 14.07.2017

Հուլիսի 7-ին Armsport.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ «Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը կարիերան շարունակելու է «Արարատում»:

Նյութում բառացի գրված էր հետևյալը. «31-ամյա պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը կարիերան կշարունակի Երևանի «Արարատում». և ոչ մի խոսք մարզվել-չմարզվելու, ակումբի հետ կապ ունենալ-չունենալու մասին:

Նույն օրը «Արարատ» ակումբը ներկայացրեց պաշտոնական հերքում. 

«Ապատեղեկատվություն՝ Armsport.am կայքի կողմից. 

Armsport.am լրատվական կայքը տեղեկություն է տարածել, թե իբր «Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը կարիերան կշարունակի «Արարատում»: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և Ալեքսանդր Պետրոսյանը ոչ մի առնչություն չունի մեր ակումբի հետ: Հորդորում ենք մեր գործընկերներին զերծ մնալ ասեկոսեներից և հիմնվել միայն հավաստի աղբյուրների վրա»:

Եւ «լրիվ պատահական» երեկ՝ հուլիսի 13-ին Ալեքսանդր Պետրոսյանը պայմանագիր է կնքում «Արարատի» հետ: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ...:

Armsport.am-ի ներքին ինֆորմացիաները, մեղմ ասած, այնքան էլ անհավաստի չեն, որքան այդ ակումբը իր աշխատելով, իր ամեն ինչով հանդերձ: Այդ Armsport.am-ն է հորդորում «Արարատին» մի քիչ նորմալ աշխատել: Ակումբում առկա անթիվ խնդիրները թողած՝ ընկել են մեր ներկայացրած ինֆորմացիայի հետևից: Ամեն ինչ փոխկապակցված է. ակումբը վատ է աշխատում, արդյունքները վատ են լինում, ԶԼՄ-ների հետ աշխատանքն էլ պետք է վատանա: Մենք միշտ ցանկացել ենք նորմալ աշխատել բոլոր ակումբների հետ: Չգիտես ինչու, «Արարատը» միշտ փորձել է բացասաբար ազդել. փորձել է, և ահա արդյունքը՝ խայտառակվել:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս