Կարեն Բարսեղյան. Ոչինչ չենք փորձելու քանդել ու նորից սարքել

13:57 15.07.2017

Կարեն Բարսեղյանը, արդեն որպես «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ իր առաջին հարցազրույցն է կապանյան թիմի մամուլի քարտուղարությանը.

«Իմ տպավորությունները «Գանձասարի» նկատմամբ միշտ էլ դրական են եղել։ Առաջին մարզումը հիմնականում ճանաչողական բնույթ էր կրում, չնայած, որ մենք բոլոր ֆուտբոլիստներին ճանաչում ենք շատ լավ։ Ընթացքում ավելի մոտիկից կծանոթանանք ֆուտբոլիստների հետ և կփորձենք առաջ շարժվել։

Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է, բարձր մակարդակի վրա։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է Կարեն Բարսեղյանը:

Խոսելով թիմի առջև դրված նպատակների մասին` Բարսեղյանն ընդգծել է, որ դրանք ամենաբարձրն են.

«Եթե նախորդ առաջնությունում այս թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, ապա այս տարի ձգտելու ենք առաջին տեղին, որպեսզի դառնանք Հայաստանի չեմպիոն և իհարկե պետք է նվաճենք գավաթը։ Հասկանալի է, որ խնդիրը շատ բարդ է, քանի որ Հայաստանում վեց թիմերից բոլորն էլ ձգտում են նույն հաջողությանը հասնել, բայց մենք կփորձենք հասնել մեր ուզածին։ Թե ինչպես կստացվի, ցույց կտա ժամանակը»:

Կարեն Բարսեղյանն իր խոսքում նաև երախտագիտություն է հայտնել «Գանձասար-Կապանի» նախկին գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, որը ստանձնել է ակումբի մարզական տնօրենի պաշտոնը.

«Օգտվելով առիթից ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Աշոտ Բարսեղյանին կատարած աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նա շատ մեծ ծավալի աշխատանք է իրականացրել, կփորձեմ շարունակել նրա գործը, որպեսզի հաջողությունը շարունակական լինի։ Մենք ոչինչ չենք փորձելու «քանդել ու նորից սարքել», որովհետև բավականին լավ կոլեկտիվ է, մարտունակ թիմ։ Մենք փորձելու ենք մեր մտահղացումները, մտքերն ու նպատակները փոխանցել ֆուտբոլիստներին»,- ասել է Բարսեղյանը:

Մարզիչը նաև խոստացել է, որ ամեն խաղին կլինի բարձր նվիրում և իրենք կփորձեն արդարացնել սպասելիքները. 

«Երկրպագուներին խորհուրդ կտամ գալ ու աջակցել մեզ։ Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մենք կխաղանք այն ֆուտբոլը, որը դուր կգա երկրպագուներին։ Խոստանում եմ, որ ամեն խաղին կլինի բարձր նվիրում և կփորձենք արդարացնել սպասելիքները թե՛ երկրպագուների, թե՛ ակումբի ղեկավարության»:

Share |

Լրահոս