Տիգրան Եսայան. Հիմնադիրները ստեղծել են թիմ, որով Արցախը կներկայացնենք Եվրոպայում

12:30 25.07.2017

ArmSport.am-ի զրուցակիցն այս անգամ «Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանն է:

«Ադրբեջանն ունի «Ղարաբաղ» թիմը, որը միշտ մասնակցում է եվրագավաթներին ու Եվրոպական մրցասպարեզում բավականին հայտնի է:

Մեր սեփականատերն արմատներով Ասկերանից է: Ցանկանում է ստեղծել մի թիմ, որով Արցախը կներկայացնենք Եվրոպայում»,- ակումբի ստեղծման շարժառիթներն այսպես է ներկայացնում «Արցախի» գլխավոր մարզիչը, որի հետ զրուցել ենք նորաստեղծ ակումբի, թիմի առջև դրված խնդիրների և հեռանկարների մասին.

- Իսկ ձեր համագործակցությունն ինչպե՞ս է ստացվում ակումբի հետ:

- Շատ նորմալ: Աշխատանքները շատ լավ են ընթանում, ոչ մի խնդիր չկա: Մեր կողմից ցանկացած պահանջ` կապված գույքի, մարզադաշտերի հետ, անմիջապես բավարարվում է ղեկավարության կողմից: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ նորմալ է ընթանում:

- Մի փոքր խոսենք թիմի մասին: Ի՞նչ ֆուտբոլիստներ են հավաքվել «Արցախում»:

- Գիտեք` զրոյից թիմ հավաքելը շատ դժվար է, ճիշտ է` ես երկար տարիներ աշխատել եմ տարբեր ակումբներում` մանկապատենական թիմերից մինչև Բարձրագույն խումբ: Ֆուտբոլիստների մեծ մասին ճանաչում եմ, մինչ օրս էլ հաճախում եմ այդ մանկապատանեկան դպրոցները: Որ ֆուտբոլիստը` համապատասխանում է իմ ֆուտբոլային փիլիսոփայությանը, նրանց էլ հրավիրել եմ: Թիմում նաև 5 ֆուտբոլիստ ունենք, որոնք Արցախից են: Նրանցից 4-ը Ստեփանակերտի ֆուտբոլային դպրոցի սան են, ընդգրկվել են թիմում և պետք է նշեմ` օր օրի աճ են գրանցում: Աստիճանաբար նոր թիմ ենք ստեղծում, ինչն իսկապես դժվար է:

- Իսկ որքանո՞վ է արդեն թիմի կորիզը կազմված:

- Այն հիմնականում կա արդեն: Այդ գործընթացը շարունակական է: Եթե լավ ֆուտբոլիստներ լինեն, մենք անպայման կընդգրկենք թիմում: Հետագայում արդեն, երբ հանդես գանք Բարձրագույն խմբում, նպատակները բոլորովին այլ կլինեն: Ճիշտ է` այստեղից էլ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն, բայց փոփոխություններ անպայման կլինեն: Քայլ առ քայլ ամեն ինչ կլինի:

- Լեգիոներներ  սպասվո՞ւմ են թիմում:

- Ոչ, օտար ֆուտբոլիստներ չունենք: Հիմա մեկ-երկու դիրքի ուժեղացման կարիք ունենք` կենտրոնական պաշտպանի և ձախ պաշտպանի դիրքերը: Եթե հնարավոր լինի ձեռք բերել այդպիսի ֆուտբոլիստների, շատ լավ կլինի, իսկ եթե ոչ, ապա մինչև ձմեռ կխաղանք այս կազմով: Դրանից հետո արդեն փոփոխություններ կլինեն:

- Մինչև առաջնության մեկնարկը նախատեսո՞ւմ եք այդ համալրումները ևս ունենալ:

- Պայմանավորվածություն կա Բարձրագույն խմբի թիմերի մարզիչների հետ: Ես կապը պահում եմ: «Բանանցի» հետ համաձայնություն կար, սակայն ֆուտբոլիստներն իրենք չցանկացան տեղափոխվել մեր թիմ: Հիմա մեկ այլ տարբերակ ևս կա, եթե դա ստացվի, շատ լավ, եթե ոչ` ստիպված կլինենք մեր ունեցած կադրերով փակել այդ օղակները: Երևի` մրցակից թիմերն էլ չեն ցանկանում մեզ ուժեղացնել (ծիծաղում է- խմբ.):

- Թիմում հավաքված են ավելի փորձառո՞ւ, թե՞` երիտասարդ խաղացողներ:

- Ունենք խաղացողներ, որոնք Բարձրագույն խմբում հանդես գալու մեծ փորձ ունեն: Ամեն դեպքում, ինչ ֆուտբոլիստ էլ, որ լինի ինձ մոտ, ֆուտբոլ է խաղալու: Օրինակ, «Արարատի» հետ երեկ կայացած խաղում մեր հիմնական կազմում հանդես էր գալիս 1999 թվականին ծնված ֆուտբոլիստ, որը խաղաց 90 րոպե: 75 րոպե էլ խաղաց 1998 թվականին ծնված ֆուտբոլիստ: Ունենք միայն մեկ ֆուտբոլիստ, որը 27 տարեկան է: Մյուսները 20-23 տարեկան խաղացողներ են, մենք տարիքով շատ մեծ ֆուտբոլիստների չենք էլ ցանկանում ընդգրկել թիմում: Տպավորություններս շատ լավն են, Առաջին լիգայի համար շատ լավ է: Այս մեկ տարվա ընթացքում պետք է աշխատենք հղկել նրանց` թե' հոգեբանորեն, թե' տակտիկապես, որպեսզի ավելի շատ զարգանան և ավելի հասուն ֆուտբոլ խաղան: 1 տարի ժամանակ ունենք: Ով կկարողանա հասնել մեր ցանկացած մակարդակին, կշարունակենք համագործակցությունը նրանց հետ:

- Ի՞նչ խնդիրներ է դրված թիմի առջև նոր մրցաշրջանում:

- Ես ինքս եմ ցանկացել, որ մենք հաղթենք Առաջին խմբի առաջնությունում և հաջորդ մրցաշրջանից հանդես գանք Բարձրագույն խմբում: Բայց չպետք է մոռանանք, որ բավականին լավ թիմեր են հանդես գալիս Առաջին խմբում, բոլորն էլ կպայքարեն: Հեշտ չի լինելու, բայց մենք ամեն ինչ կանենք` մեր առջև դրված խնդիրը լուծելու համար:

- Մասնակցելու եք նաև Գավաթի խաղարկությանը` մրցելով «Ալաշկերտի» դեմ: Այս դիմակայության մասին ի՞նչ կասեք:

- Ամենադժվար ու մարտունակ թիմը մեզ բաժին հասավ։ Բայց, ինչ կարող ենք անել: Մենք էլ մարտունակ թիմ ունենք: Տղաներն էլ են ոգևորված և պատրաստվում են: Մենք հարգում ենք «Ալաշկերտին», բայց չենք վախենում նրանցից:

- Դեպի եվրագավաթներ ամենակարճ ճանապարհը Գավաթի խաղարկությունն է: Այս մրցաշարի հետ հույսեր կապու՞մ եք:

- Այո, իհարկե: Որ մրցաշարին էլ որ մասնակցենք, ամենաբարձր խնդիրները կդրվեն թիմի առջև: Ես իմ ֆուտբոլիստներին այդպես եմ տրամադրում: Հոգեբանությունը շատ կարևոր է: Հիմա 3-4 ֆուտբոլիստ ունենք, որոնք վնասվածքներ ունեն, եթե նրանք էլ վերականգնվեն, ունենալու ենք շատ լավ ու մարտունակ թիմ:

- Ինչպիսի՞ն է թիմի պոտենցիալը` իր առջև դրված բարձր խնդիրների լուծման տեսանկյունից:

- Թիմը միանշանակ առաջին տեղը գրավելու պոտենցիալն ունի: Մենք էլ պետք է անենք ամեն ինչ` ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու և դրանք իրենց նպատակին ծառայեցնելու համար:

- Ամեն դեպքում, հաշվի առնելով Առաջին խմբում հանդես եկող թիմերին` ըստ Ձեզ ինչպիսի՞ն են «Արցախի» շանսերը:

- Առաջին խմբից Բարձրագույն խումբ դուրս գալու խնդիր ունենք հիմնականում մենք և «Լոռին»: Մյուս թիմերի խնդիրը բոլորովին այլ է: Նրանց նպատակն առաջին թիմին ֆուտբոլիստներով ապահովելն է: «Ավան-Ակադեմիայում» էլ պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներն են հանդես գալիս, նրանք էլ պետք է խաղային համագործակցությունը բարելավեն և կադրեր պատրաստեն երիտասարդական և Ազգային հավաքականի համար: Հաշվի առնելով սա և իմ թիմի պոտենցիալը` կարծում եմ, որ միանգամայն իրատեսական են Բարձրագույն խումբ դուրս գալու մեր շանսերը:

-Ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում:

- Շատ հետաքրքիր է լինելու: Միանշանակ, հեշտ չի լինելու: Բոլոր թիմերն «Արցախի» դեմ տրամադրվելու են 100 չէ, 150 տոկոսով: Բայց պետք է ամեն ինչ անենք դա հաղթահարելու համար:

- Ինչու՞ հենց «Արցախի» դեմ:

- Դե ուժեղ թիմերի դեմ բոլորն էլ լավ են տրամադրվում (խմբ.- ժպտում է):

- Կարելի՞ է ենթադրել, որ «Արցախը» ևս բավականին մարտական է տրամադրված:

- Այո, իհարկե: Ես ինքս եմ թիմին ներշնչում այդ հաղթողի հոգեբանությունը: Յուրաքանչյուր խաղում պետք հաղթանակ տանենք: Յուրաքանչյուր խաղից հետո անմիջապես պետք է սկսենք նախապատրաստությունը հաջորդ խաղին: Ամեն խաղում պարտավոր ենք հաղթել:

- Գո՞հ եք այն նախապատրաստական փուլից, որը թիմն անցավ:

- Այո, ինչ ծրագրել էինք, կարողացանք իրականացնել: Հունիսի 12-ից սկսել ենք նախապատրաստվել: Ամեն ինչ շատ լավ անցավ: Հիմա լավ թիմ ունենք:

- Ինչպե՞ս կամփոփեք մինչ այս անցկացրած ստուգողական խաղերը:

- Ինձ նախևառաջ հետաքրքրում են էին ոչ թե արդյունքները, այլ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը, կարևոր էր նաև ֆուտբոլիստների ճիշտ ընտրության հարցը, խաղային օղակների համագործակցությունն ու հոգեբանական պատրաստվածությունը: Խաղերը ցույց տվեցին, որ ճիշտ ուղու վրա ենք, թիմը ֆիզիկապես բավականին լավ վիճակում է գտնվում, գոհ եմ ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունից: Հիմա մնում է միայն հղկել տեխնիկա-տակտիկական օղակները:

- Մինչև Առաջին խմբի առաջնության մեկնարկը, այլ ստուգողական խաղեր նախատեսու՞մ եք անցկացնել:

- Եվս մեկ խաղ կանցկացնենք օգոստոսի 1-ին` «Էրեբունիի» հետ: Համեմատաբար, ավելի թեթև մրցակից ենք ընտրել, որպեսզի բոլորին էլ հնարավորություն տանք խաղալու և աշխատենք խուսափել վնասվածքներից, որպեսզի առաջնության առաջին խաղին կազմ և պատրաստ լինենք:

- Տեղեկություն կար, որ պետք է ուսումնամարզական հավաք անցկացնեք Արցախում: Ինչու՞ այդ հավաքը չկայացավ:

- Այո, հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը նախատեսում էինք հավաք անցկացնել Արցախում, բայց, ցավոք, ֆուտբոլիստների հայտավորումների պատճառով չհասցրինք: Այստեղ որոշակի խնդիրներ կար ու չկարողացանք ուղևորվել Արցախ: Իսկ, Արցախի հետ կապը միանշանակ կա, ինչպես օրինակ մանկապատանեկան դպրոցի հարցում: Մեր ղեկավարը պետք է որոշի, թե մանկապատանեկան որ դպրոցի հետ ենք համագործակցելու: Բայց Ստեփանակակերտի դպրոցի հետ միանաշանակ պետք է կապ լինի: Բոլորն էլ շահագրգռված են, ուզում են, որ լավ թիմ ունենանք, մենք էլ մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք դրա համար:

- Առաջիկայում արդյոք սպասվու՞մ է թիմի և ֆուտբոլիստների պաշտոնական ներկայացումը:

- Այո, օգոստոսի 1-ին` «Էրեբունու» հետ անցկացնելիք խաղի օրը, տեղի կունենա նաև թիմի շնորհանդեսը:

- Իսկ աշխատանքներ տարվելու՞ են երկրպագուների ներգրավվման առումով:

- Հիմա արդեն բավականին մեծ է հետաքրքրությունը մեր թիմի հանդեպ, խաղերին ևս գալիս են, քանի որ թիմը լավ է խաղում, դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում: Խաղից խաղ կարծում եմ` երկրպագուների թիվն էլ կավելանա: Նախատեսում ենք նաև ֆան ակումբ ունենալ: Բնական է` եթե թիմը լավ ֆուտբոլ է խաղում, մարզասերն էլ գալիս է մարզադաշտ: Ճիշտ է` Առաջին խմբի առաջնության խաղերը միշտ երկրորդ պլան են մղվում, բայց հիմա մենք կաշխատենք մեր լավ խաղով երկրպագուներին բերել մարզադաշտ:

Նարե Հովհաննիսյան

 

Share |

Լրահոս