Ուլիսի նախկին ֆուտբոլիստ. Այն, ինչ կատարվում էր այդ ակումբում, պարզապես կրկես էր

15:08 31.07.2017

24-ամյա ռուս հարձակվող Պավել Կոնդրախինը, որը ժամանակին հանդես է եկել Երևանի «Ուլիսում», «Sports.ru»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ իրավիճակ էր տիրում հայկական ակումբում:

Այժմ ՄԼՍ-ից հետո ԱՄՆ-ի երկրորդ ուժեղագույն լիգայում` «United Soccer League»-ում հանդես եկող ֆուտբոլիստն ամենահաճելի հիշողությունները չէ, որ ունի Հայաստանում իր կարիերայից.

«Բրյանսկի «Դինամոյից» առաջ ես հանդես էի գալիս Երևանի «Ուլիսում», որի նախագահը Վալերի Հովհաննիսյանն էր (հիմա նա Մոսկվայի «Արարատի» նախագահն է): Այն, ինչ այնտեղ տեղի էր ունենում, չտեսնված էր: Չգիտեի, որ նման բաներ էլ են լինում: Սկզբում ամեն ինչ լավ էր: Ուժեղ մարզիչ, որի հետ հաճելի էր աշխատել, բայց 5 տուր անց նա հրաժարական տվեց: Ինչպես պարզվեց` դա եղավ այն պատճառով, որ խաղերը վաճառում էին: 

Այնուհետև եկավ Հովհաննիսյանը, ժողով հրավիրեց և ասաց. «Ես կվճարեմ ձեր աշխատավարձերը: Ամեն ինչ կվերադարձնեմ ձեզ: Դուք միայն խաղացեք, փորձեք»:

Զուտ հոգեբանության տեսանկյունից շատ բարդ է ֆուտբոլ խաղալը, երբ դու չես վճարվում, իսկ խաղերը վաճառվում են: Մենք 4 ամիս ապրել ենք հյուրանոցում` առանց մի կոպեկի, ամեն օր ուտում էինք նույն ուտելիքները: Դրանից հետո մեզ հետադարձի տոմսեր գնեցին և բոլորիս բաց թողեցին` այդպես էլ չվճարելով ոչ մեկիս աշխատավարձերը: Իսկ դրանից հետո հայկական մամուլում գրեցին, որ ակումբի ներկայացուցիչները ձերբակալվել են` պայմանավորված խաղերի համար:

- Խաղերը վաճառում էիք, քանի որ աշխատավարձ չէի՞ք ստանում:

- Ես հանգիստ կարող եմ ձեռքս դնել սրտիս և ասել, որ ես երբեք դրանով չեմ զբաղվել: «Ուլիսում» հանդես եկող ռուս տղաները ևս: Զբաղվում էին այլ մարդիկ: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, այնտեղ ապրում են բարի մարդիկ, բայց այն, ինչ տեղի էր ունենում «Ուլիսում», պարզապես կրկես էր: Շատ դժվար էր նստել այնտեղ առանց գումարի: Հաճելի չէր ամեն անգամ բարեկամներից պարտքով գումար խնդրելը, բայց ` ստիպված էինք: «Ուլիսում» ինձ այդպես էլ 4 ամսվա աշխատավարձ պարտք մնացին:

Share |

Լրահոս

Loading...