Կայացավ Արցախ ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը

21:10 01.08.2017

«Արցախ» ֆուտբոլային ակումբն այսօր «Միկա» մարզադաշտում ներկայացրեց թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին:

Ակումբի նախագահը Սևան Ասլանյանն է, որն արմատներով Ասկերանից է: Գլխավոր մարզիչն, ինչպես հայտնի է, Տիգրան Եսայանն է, իսկ նրան օգնում են Տիգրան Գսպեյանը, Ալբերտ Աճեմյանը և Տիգրան Ոսկանյանը:

Հնչեց նաև երևանյան ակումբի հիմնը, ինչպես նաև ներկայացվեցին «Արցախ ՖԱ»-ի հովանավոր-գործընկերները՝ «Ռենո», «Steritech», «Galstyan & Galstyan», «Ապարան ջուր» և «Efubet» ընկերությունները:

Կազմակերպված միջոցառմանը, որը բաց էր նաև երկրպագուների համար, նորաստեղծ ակումբի ֆուտբոլիստները ներկայացրին թիմի տնային, արտագնա և մարզումային շապիկները, որոնք արտադրվել են «Nike» ընկերության կողմից:

«Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով.

«Միջոցառումը շատ լավ էր կազմակերպված, շատ լավ անցավ: Սպասելիքներն արդարացան: 

Թիմի առջև Առաջին խմբի առաջնությունում հաղթելու և Բարձրագույն խմբում հանդես գալու խնդիրն է դրված, և ես կարծում եմ, որ մենք ունենք համապատասխան կազմն ու պոտենցիալը՝ այդ խնդրի լուծման համար:

Նախապատրաստական շրջանը շատ լավ է անցել, շատ կազմակերպված: Մարզադաշտի և գույքի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել»,- ասաց գլխավոր մարզիչը: 

Առաջին խմբում ևս երկու նորաստեղծ ակումբ է հանդես գալու՝ «Լոռին» և «Ավան-ակադեմիան» , Տիգրան Եսայանի խոսքով իրենց հեշտ մրցակցություն չի սպասվում.

«Ավան-ակադեմիայի» հետ ստուգողական հանդիպում ենք անցկացրել, բայց «Լոռիի» հետ դեռ ոչ, ու ծանոթ էլ չենք այդ թիմին, բայց գիտեմ, որ լավ մարզիչ ունեն՝ հանձին Արմեն Ադամյանի: Մեզ համար հեշտ չի լինի, բայց կանենք ամեն ինչ առաջին տեղով դուրս գալու համար»:

«Արցախի» գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ իրենց թիմը երկար կյանք կունենա.

«Արցախը»  բրենդ է: Տա Աստված, որ երկար գոյատևի»,- ասաց մարզիչը:

Տիգրան Եսայանը հայտնեց նաև, որ իր թիմը բալանսավորված ֆուտբոլ է դավանելու՝ թե՛ լավ հարձակվելով և թե՛՝ պաշտպանվելով.

«Ինչով ենք տարբերվելու մյուս թիմերի՞ց. անհատ ֆուտբոլիստներով և իրենց գրագետ խաղով: Կարելի է ասել, որ երկու համարժեք կազմ ունենք, և կարող ենք պայքարել ինչպես Առաջին խմբի առաջնությունում, այնպես էլ՝ Գավաթի խաղարկությունում»:

Նշենք՝ «Արցախը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա է ներկայացրել 22 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակը, որը ներկայացնում ենք ստորև.

Գրիգոր Մակարյան, Ալբերտ Օհանյան, Արման Հովհաննիսյան, Գոռ Մկրտումյան, Արթուր Սահակյան, Արմեն Դուրունց, Վազգեն Երանոսյան, Նարեկ Գյոզալյան, Ժորա Նազարյան, Արթուր Գրիգորյան, Վահե Միրաքյան, Վահան Ադլոյան, Դավիթ Բաբայան, Կարեն Հարությունյան, Տիգրան Սիմոնյան, Էդուարդ Ավագյան, Կարեն Շահգելդյան, Արսեն Հարությունյան, Արսեն Հովհաննիսյան, Արմո Ադամյան Նարեկ Ղասումյան, Գրիգոր Աղեկյան:

Միջոցառման ավարտից հետո «Արցախն» իր վերջին ստուգողական հնդիպումն անցկացրեց նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում՝ մրցելով «Էրեբունիի» հետ: Տիգրան Եսայանի սաները 2:0 հաշվով հաղթանակ տարան: Գոլերի հեղինակներ դարձան Կարեն Հարությունյանն ու Վազգեն Երանոսյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին մեկնարկելիք Առաջին խմբի առաջնությունում «Արցախը» հյուրընկալվելու է «Ալաշկերտ 2»-ին:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս