Ռոման Ամոյան. Մալխասը գերազանցելու է ինձ

15:28 08.08.2017

Մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը,  ըմբիշ Մալխաս Ամոյանի հորեղբայրն է:

Նա նույնպես աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Տամպերեում էր և Մալխասին ու հավաքականի մարզիչներին օգնում էր ինչով հնարավոր էր, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ֆինլանդիայից վերադառնալով՝ Ռոման Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս: Մալխասի արծաթե մեդալը միայն իրենը չէ՝ բոլորինս է: Նա դժվարին ու տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց՝ հաղթելով ուժեղ մրցակիցների:

Մալխասը ոսկե մեդալ չնվաճելու իրավունք չուներ: Ոսկին, պարզապես, նվիրեցին իրանցուն: Ճիշտ է, դրանում Մալխասն էլ մեղավորություն ուներ:

Ըմբշամարտի կանոններով, երբ մարզիկը ոտքը դուրս է դնում գորգի սահմաններից, մրցակցին մեկ միավոր է տրվում: Բայց այս դեպքում մրցավարները Մալխասին պատժեցին երկու միավորով: Հաշիվը դարձավ 3:3 ու հաղթանակը շնորհվեց իրանցուն:

Ես սա պարտություն չեմ համարում: Բայց վստահ եմ, որ Մալխաս Ամոյանը դեռ իր խոսքը կասի մրցագորգում և ինձ էլ կգերազանցի: Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ-ին, հավաքականի, Մալխասի անձնական մարզիչներին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, «Դինամո» ՄՀԿ-ին, բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են մեր հավաքականին»,- նշել է Ամոյանը:

Հիշեցնենք` հայ ըմբիշը ԱԱ-ի եզրափակչում պարտվել է իրանցի Ամին Վաիյանինեջադին 3:3 հաշվով և դարձել արծաթե մեդալակիր: Ամոյանի` գոտեմարտի ժամանակ զգուշացում ստանալու պատճառով իրանցի մարզիկի ակտիվում գրանցվել էր 2 միավոր:

Ավելի վաղ Ամոյանը որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Վալենտին Պետիչին, ապա 1/8 եզրափակչում պարտության մատնել Ուկրաինան ներկայացնող Անդրի Պարցեին (8:0): Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր ադրբեջանցի Նամազ Ռուստամովին (5:1), իսկ կիսաեզրափակչում` թուրք Մուրատ Ֆիրատին (3:3):

Share |

Լրահոս

Loading...