Նարեկ Աբգարյան. Պրոֆեսիոնալ բռնցքամարտը խանգարում է սիրողականին

12:31 10.08.2017

Բռնքամարտիկ Նարեկ Աբգարյանն օրեր առաջ 5-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Սոչիում տեղի ունեցած punch boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Նարեկը նոկաուտի է ենթարկել մրցակիցն և տոնել 5-րդ հաղթանակը:

Հատկանշական է, որ անցկացրած 5 մենամարտերից 4-ում մեր մարզիկը մրցակիցներին հաղթել է նոկաուտով:

ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում Նարեկ Աբգարյանը խոսել է վերջին մենամարտի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին.

«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 5-րդ մենամարտն անցկացրեցի: Այս անգամ մրցակիցս շատ ուժեղ և ֆիզիկապես լավ պատրաստված էր, սակայն ես ավելի արագ ու սառնասիրտ գտնվեցի, և ինձնից ընդամենը 5 ռաունդ պահանջվեց մրցամարտի ելքը վճռելու համար: Սա ինձ համար 2-րդ մենամարտն էր, որը բաղկացած էր 8 ռաունդից:

Հիմա մի փոքր հանգստանալուց հետո կսկսեմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին»,- ասել է հայ մարզիկը:

Խոսելով հավաքականում իր ելույթների մասին Աբգարյանը նշել է.

«Խարկովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը խանգարում է սիրողականին: Եթե մարզվում ես պրոֆեսիոնալ բռնցքամարտին համապատասխան, ապա չես կարող լավ ելույթ ունենալ սիրողական բռնցքամարտում, և հակառակը:

Դրանք երկու տարբեր աշխարհներ են: Եվրոպայի առաջնությունից հետո որոշեցի այլևս հանդես չգալ սիրողական բռնցքամարտում, հնարավոր է փոխեմ որոշումս միայն Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»:

Նշենք, որ հաջորդ մենամարտը Նարեկ Աբգարյանը կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝ Իսպանիայի Բիլբաո քաղաքում:

Share |

Լրահոս