Դեմբելեն բաց է թողել մարզումը, իսկ Բորուսիան չի կարողանում նրա հետ կապ հաստատել

17:39 10.08.2017

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն առանց նախապես տեղեկացնելու` չի ներկայացել գերմանակն թիմի մարզմանը:

20-ամյա կիսապաշտպանի նորամուտի մրցաշրջանը Դորտմունդում իրեն դարձրել է Եվրոպայի ամենախոստումնալից երիտասարդ աստղերից մեկը:

«Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում դառնալով 10 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ` Ուսմանը հայտնվեց եվրոպական մի քանի թոփ-ակումբների նշանառության տակ, այդ թվում ` «Բարսելոնայի» և «Ռեալի»:

Այս պահին, ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս երկու  ակումբները բանակցություններ են վարում ֆուտբոլիստի հետ, սակայն «կապտա-նռնագույնները», միևնույն է, Դեմբելեին ձեռք բերելու հիմնական հավակնորդն են:

Հաշվի առնելով Ուսմանի շուրջ ստեղծված այս աժիոտաժը` էլ ավելի կասկածելի է թվում այն փաստը, որ ֆուտբոլիստը չի մասնակցել «Բորուսիայի»` այսօր կայացած մարզմանը:

«Ուսման Դեմբելեն բաց է թողել այսօրվա մարզումը: Մենք չգիտենք, թե ինչու»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Պետեր Բոշը:

«Մենք փորձել ենք կապհաստատել նրա հետ, բայց` ապարդյուն: Հույս ունենք` նրա հետ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- ասել է մարզիչը:

Դեռևս հայտնի չէ` արդյոք Դեմբելեի բացակայությունը որևէ կերպ կապվա՞ծ է նրա` ակումբը փոխելու ցանկության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» կփորձի խլել Ուսմանին «Բարսելոնայից»:

 
 
Share |

Լրահոս