Վարազդատ Հարոյանը Քյոլնում իր փորձաշրջանի և Իրանում ունեցած դժվարությունների մասին

12:46 10.08.2017

«Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հարցազրույց է տվել «Զենիթի» հետ խաղի պաշտոնական ծրագրի համար:

Հայ պաշտպանը խոսել է նաև Իրանում անցկացրած  ժամանակաշրջանի մասին: Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի ընթացքում Հարոյանը հանդես եկավ «Փադիդեում»` թիմի կազմում մասնակցելով 25 հանդիպման:

- Իրանում մեկ մրցաշրջան անցկացրիր: Ամենից շատ ի՞նչն է տպավորել:

- Այնտեղ ամեն ինչ այլ կերպ է` ինչպես ֆուտբոլում, այնպես էլ` կյանքում: Ինձ համար դժվար էր այնտեղ գտնվելը: Չնայած` մասնակցեցի Իրանի առաջնության բոլոր խաղերին, այդուհանդերձ, մինչև վերջ այդպես էլ չհարմարվեցի:

- Կարո՞ղ ես որևէ արտասովոր պատմություն հիշել, որը քեզ հետ տեղի է ունեցել Իրանում:

- Պետք է մտածել ... հիշեցի: Մեկ ամսվա ընթացքում մեզ մոտ երկու անգամ երկրաշարժ գրանցվեց: Այդ ժամանակ ես ընտանիքիս հետ գտնվում էի տանը, բայց լավ է, որ ամեն ինչ անցավ: Դրանից հետո կնոջս և աղջկաս ուղարկեցի Հայաստան` ապահովության համար:

- Ճի՞շտ է, որ Իրանում պաշտոնապես արգելված է ալկոհոլի վաճառքը: 

- Այո, օրենքով այնտեղ չես կարող հենց այնպես ալկոհոլ գնել, բայց եթե շատ անհրաժեշտ է, ապա միշտ էլ հնարավոր է գտնել (ծիծաղում է):

- Թիմակիցներդ քեզնից չէ՞ին խնդրում հայկական կոնյակ բերել:

- Ոչ, չեմ հիշում նման բան: Շատ ցանկանալու դեպքում էլ չէի կարողանա նման բան անել, ինձ օրենքի հետ խնդիրներ պետք չեն:

- Իսկ համացանցի հա՞րցն ինչպես էր: Ասում են` այն շատ դանդաղ է և որոշ սոցիալական կայքեր առհասարակ չեն աշխատում:

- Ինտերներտը նորմալ էր, բայց բավականին հայտնի կայքեր արգելափակված են: Օրինակ, Իրանում ես չէի կարողանում օգտվել «YouTube»-ից: Բայց ես սոցիալական կայքերի մեծ սիրահար չեմ, այնպես որ ինձ դա այնքան էլ չէր անհանգստացնում:

- 2012 թվականին հայկական լրատվամիջոցները հայտնում էին, որ քեզ փորձաշրջանի են հրավիրել «Քյոլն»: Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

- Իսկապես հետաքրքրություն կար «Քյոլնի» կողմից, և ես նույնիսկ փորձաշրջանի մեկնեցի Գերմանիա: Մի քանի օր մարզվեցի հիմնական թիմի հետ, ամեն ինչ լավ էր, բայց ինձ այդպես էլ պայմանագիր չառաջարկեցին: Եթե անկեղծ, ես էլ չհասկացա, թե ինչու: Դրանից հետո ես փորձաշրջան անցա «Ռոստովում», ռուսական ակումբը ցանկանում էր ինձ պահել թիմում, բայց արդյունքում չկարողացավ համաձայնության գալ «Փյունիկի» հետ ֆինանսական պայմանների շուրջ:

- Իսկ ի՞նչ կասես Ղազախստան ուղևորության մասին:

- Այո, տարբերակ կար «Ակտոբեի» հետ: Մեկ շաբաթ ես գտնվեցի Ղազախստանում, բայց այնտեղ առհասարակ ոչինչ չստացվեց, և ես վերադարձա Երևան:

- Գիտեմ, որ Գերմանիայում փորձաշրջանի ընթացքում ներկա ես գտնվել «Քյոլնի»` Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղին: Ի՞նչ զգացողություններ ունեիր դաշտի մյուս կողմում գտնվելիս, այն էլ` լեփ-լեցուն տրիբունաներով:

- Հիանալի խաղ էր, մարզադաշտի մթնոլորտն, իհարկե, տպավորիչ էր, Հայաստանի առաջնության խաղերին այդպիսի բան չես տեսնի: Բայց ես` որպես ֆուտբոլիստ, ցանկանում էի այդ պահին լինել խաղադաշտում, ոչ թե` տրիբունաներում (ծիծաղում է):

- Շարունակիր ֆուտբոլային հայտնի վանկարկումը. «Հայերից լավագույնը ... »

- Հայերից լավագույնը Վարո Հարոյանն է (ծիծաղում է): Կատակում եմ, եթե անկեղծ, չեմ լսել այդպիսի վանկարում:

- Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ:

- Լավագույն ժամանակն ընտանիքի հետ անցկացրած ժամանակն է:

- Մի քանի խոսք երկրպագուներին Վարազդատ Հարոյանի կողմից:

- Երկրպագուներին կցանկանամ կոչ անել այցելել մարզադաշտ և աջակցել իրենց սիրելի թիմին: Իսկ մենք` մեր հերթին, կփորձենք ավելի շատ ուրախացնել նրանց:

- Սիրելի ուտելիքը:

- Իհարկե` տոլմա:

- Մեսսի՞, թե՞` Ռոնալդու:

- Մեսսի:

- Սիրելի ավտոմեքենան:

- BMW:

- Մեյվեզե՞ր, թե՞` Մակգրեգոր:

- Կհամաձակվեմ ասել Մակգրեգոր: Նա շատ ուժեղ Է:

Share |

Լրահոս