Վարազդատ Հարոյան. Արթուր Պետրոսյանի գալով` հավաքականի մթնոլորտը փոխվել է դեպի լավը

17:03 10.08.2017

Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատասխանել է նաև ազգային ընտրանուն վերաբերող հարցերին.

- Արդեն 5 տարի է` խաղում ես Հայաստանի հավաքականի կազմում: Ո՞րն է եղել ամենահիշարժան խաղը:

- 18 տարեկանից խաղում եմ ազգային թիմում, և այդ ընթացքում քիչ խաղեր չեմ անցկացրել, հիմա նույնիսկ հստակ քանակը չեմ կարողանա նշել: Հավանաբար, կառանձնացնեմ հավաքականի մարզաշապիկով անցկացրած առաջին խաղը, երբ մենք շատերի համար անակնկալ կերպով հաղթեցինք Դանիային` 4:0 հաշվով, այն էլ` հյուրընկալվելիս:

- Իսկ ի՞նչ կասես Չեռնոգորիայի հետ վերջերս անցկացրած խաղի մասին, երբ կարողացաք հաղթել` ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո:

- Այդ խաղում ես իմ առաջին գոլը խփեցի Հայաստանի հավաքականի կազմում (ծիծաղում է - խմբ.): Թիմը գրեթե 3 տարվա ընթացքում չէր կարողանում սեփական հարկի տակ հաղթանակի հասնել, և ընդմիջման ժամանակ մարզիչն ասաց, որ մենք այսօր մեր երկրպագուներին վշտացնելու ոչ մի իրավունք չունենք: Բայց, այնուամենայնիվ, Դանիայի հետ խաղն ավելի հիշարժան է ինձ համար: Այդ ընտրական շրջափուլն, առհասարակ, լավագույնն էր Հայաստանի հավաքականի պատմության մեջ, մեզ շատ քիչ չբավականեցրեց խմբից դուրս գալու համար:

- Հայաստանը 4 միավորով է զիջում Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբի երկրորդ տեղին: Շրջափուլի մնացած հատվածում ինչի՞ վրա կարող եք հույս դնել:

- Յուրաքանչյուր տարի, ընտրական յուրաքանչյուր շրջափուլում մեր առջև խմբից դուրս գալու խնդիր է դրված: Այս անգամ անհաջող մեկնարկեցինք: Բայց երկու ամսվա ընթացքում դեռ 4 խաղ կանցկացնենք, որոնք ամբողջովին կարող են փոխել իրավիճակը մեր խմբում: Կփորձենք հաղթել մնացած բոլոր խաղերում:

- Չեռնոգորիայի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականը գլխավորեց Արթուր Պետրոսյանը: Նրա գալուց հետո ի՞նչ է փոխվել թիմում:

- Նրա գալով` թիմի մթնոլորտը փոխվել է դեպի լավը: Շատ ֆուտբոլիստների նա լավ է ճանաչում, բոլորի հետ նա մշտապես շփվում է: Միանգամից հասկանալի դարձրեց, թե մեզնից ինչ է ցանկանում տեսնել խաղադաշտում:

Share |

Լրահոս