Բասկետբոլ. Արկադի Մկրտիչյանն ասել է, թե ինչի շնորհիվ կարող ենք հաղթել սլովակներին

16:24 11.08.2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ԱԱ-2019-ի նախընտրական փուլի 4-րդ տուրում վաղը՝ օգոստոսի 12-ին մրցելու է Սլովակիայի ընտրանու հետ:

Armsport.am-ի հետ զրույցում մեր ազգային թիմի 21-ամյա հարձակվող Արկադի Մկրտիչյանը պատասխանել է առաջիկա խաղին առնչվող հարցերին:

 - Ինչպիսի՞ն է տրամադրվածությունն առաջիկա հանդիպմանը:

 - Կարծում եմ՝ պատրաստ ենք խաղին: Նախորդ խաղը ցույց տվեց, որ պետք է ավելացնենք: Վաղվա խաղին կներկայանանք այլ տեսքով:

 - Կարո՞ղ ենք ասել, որ առաջիկա խաղն ամենակարևորն է:

 - Այս խմբում բոլոր հանդիպումները կարևոր են: Չի կարելի ասել, որ սա է ամենակարևորը: Խմբում շատ ծանր պայքար է ընթանում: Յուրաքանչյուր խաղի շատ լուրջ ենք մոտենում:

 - Արդեն ծանոթ եք մրցակցին. ի՞նչ կարող եք ասել նրանց մասին:

 - Վաղվա խաղը բարդ է լինելու: Նաև մրցակիցն է մեզ ծանոթ: Սլովակիան լավ թիմ ունի, մենք պետք է շատ-շատ լավ խաղանք, որպեսզի հաղթենք:

 - Ինչի՞ շնորհիվ կարող ենք հաղթել:

 - Պետք է կազմակերպված խաղանք պաշտպանությունում. կարող ենք հաղթել դրա շնորհիվ: Ինչպես առաջին խաղում, այս անգամ էլ պետք է թույլ չտանք, որ սլովակները հաճախակի արդյունավետ գրոհներ իրականացնեն: Լավ պաշտպանվելուց բացի, պետք է նաև հաջող հարձակվենք: Այս դեպքում, կարծում եմ՝ հաղթանակած կլքենք Սլովակիան:

Սլովակիա-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 12-ին. մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ սլովակների հետ առաջին խաղում մեր բասկետբոլիստները հաղթել են 75:61 հաշվով:

Share |

Լրահոս