Գոռ Երիցյան. Նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է

14:47 12.08.2017

Բռնցքամարատի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանն օրեր առաջ 2-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Սոչիում տեղի ունեցած PUNCH boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Գոռը 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին և տոնել 2-րդ անընդմեջ հաղթանակը:

ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում մարզիկը խոսեց վերջին մենամարտի, ինչպես նաև սիրողական բռնցքամարտից հեռանալու մասին.

«Մրցակիցս շատ փորձառու էր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 40 մարտ էր անցկացրել: Չնայած նրան, որ ուներ պարտություններ, բայց այդքան տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտում լինելը արդեն ինչ-որ բան ասում է: Առաջին մենամարտում փոքր լարվածությունից հետո այս անգամ շատ հանգիստ էի ինձ զգում ռինգում:

Ֆիզիկապես և տեխնիկապես շատ լավ էի պատրաստվել Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակից շուտ վճռեցի մենամարտի ելքը: Հիմա պատրաստվում եմ հաջորդ մենամարտին, որն ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ ամսվա վերջին: Գլխավոր նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է առանց պարտությունների»:

Հարցին, թե շարունակելու՞ է ելույթները հավաքականի կազմում, Երիցյանը պատասխանեց.

«Հիմա կարող եմ ասել, որ հանդես չեմ գա սիրողական բռնցքամարտում մինչև 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Հիմա հիանալի մարզավիճակում եմ և ցանկանում եմ ավելի առաջ գնալ պրոֆեսիոնալ ռինգում, իսկ սիրողական մակարդակում մրցավարական անարդարությունները շատ են»:

Share |

Լրահոս