Լոռի ակումբի հիմնադիր. Վանաձորի մարզադաշտը կվերանորոգվի

20:51 16.08.2017

Հայաստանի Առաջին խմբի առաջնության նորեկ «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Սիրելի լոռեցիներ, Ցանկանում եմ ներողություն խնդրել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 14-ին կայացած խաղի ժամանակ պատճառված անհարմարությունների համար: Շատ երկրպագուներ, ցավոք, չեն կարողացել ներկա գտնվել և տրիբունայից հետևել խաղին:

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս տարի սկսում ենք Վանաձորի քաղաքային ստադիոնի վերանորոգման աշխատանքները, որի ավարտից հետո Լոռու մարզը կունենա ժամանակակից մարզադաշտ, որտեղ ֆուտբոլ դիտելը երկրպագուների համար կդառնա ժամանցի լավագույն տարբերակներից մեկը:

Այժմ, ինչպես ակումբի, այնպես էլ ֆուտբոլիստների և, ինչու ոչ, երկրպագուների համար անցումային ժամանակահատված է: Կոչ եմ անում լինել համախմբված և համբերատար այս շրջանում:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տեղադրված գրառումներին՝ «Լոռի» ՖԱ-ում վանաձորցի ֆուտբոլիստների բացակայության մասին, նշեմ, որ մեր ակումբում են խաղում Լոռու մարզը ներկայացնող երկու ֆուտբոլիստ՝ թիմի ավագ Գուրգեն Մաթևոսյանը և Դավիթ Փարեմուզյանը: Եվ ավագի թևկապը վանաձորցուն վստահելը պատահականություն չէ:

Մենք Վանաձորում ունենք նաև ժամանակակից ֆուտբոլի ակադեմիա, որի լավագույն սաները կհամալրեն ինչպես «Լոռին», այնպես էլ Հայաստանի Բարձրագույն խմբի այլ թիմերը, և, գուցե, կարիերան շարունակեն Եվրոպայում: Զինվենք համբերությամբ և հաջողությունն անխուսափելի կլինի»,- Թովմաս Գրիգորյանի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս