Ազգային հավաքականի, առկա իրավիճակի և Արթուր Պետրոսյանի մասին

19:31 06.09.2017

Հայաստանի հավաքականի պարտությունները վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից են: Հասկացել ենք, որ մեր երկրում լավ են քննարկվում ավտովթարներն ու ֆուտբոլը: Եթե ավտովթարները կարող են քննարկել բոլորը, ապա ֆուտբոլը՝ հաստատ ոչ շատերը: Այն, որ մեր հավաքականում ամեն ինչ չէ, որ իդեալական է, դա փաստ է, բայց առանց պատեհ ու անպատեհ առիթների փնովելը և դժգոհելը պարտականություն չէ, ավելին՝ միգուցե անիմաստ և վնասակար:

Պարտադիր չէ բացել ֆեյսբուքյան էջը և գրել վատ խաղի մասին, գրել գրելու և լայքերի համար:

Բոլորը չեն հաղթում, իսկ պարտվողները նաև պետք է տեր կանգնեն իրավիճակին: Խոսքն իմ ու քո հավաքականի մասին է, մեր ֆուտբոլիստների մասին է, որոնց մոտ ինչ-որ բան չի ստացվում: Այո, ֆուտբոլը ներկան է, ոչ-ոք չի ժխտում, բայց պետք է հիշել, թե Արթուր Պետրոսյանի առաջին հանդիպումներում ինչ խանդավառություն էր, հաղթանակների օրերին ինչ բերկրանք էր:

Սպասումները մեծ էին՝ հաշվի առնելով խմբի ոչ այնքան ուժեղ լինելը, բայց հարկ է ընդգծել, որ Պետրոսյանը չպետք է պատասխան տա իր նախորդների համար, որոնց օրոք հավաքականը փաստացի թուլացել է: Հավաքականի ներկան ինչ-որ չափով անցյալի շարունակությունն է:

Այո, պարտվել ենք և հոգեբանական առումով բարդ իրավիճակ է. այժմ ամեն ինչ այլ է. մի խոսքը, մի մեկնաբանությունը, հարցը կարող է յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա բացասական ազդեցություն ունենալ: Ու դա խիստ բնական է: Պետք չէ հայտնագործություններ անել պարզելու համար, թե ինչ իրավիճակ է հավաքականում: Հաղթանակները մերն են, ինչպես ֆուտբոլիստներինն ու մարզչինը, նույնկերպ էլ պետք է պարտությունները մերը լինեն: Ու այստեղ շատ կարևոր է թե՛ երկրպագուների, թե՛ լրագրողների հանգամանքը: Մենք՝ լրագրողներս նույնպես մրցում ենք մեր մրցակցի լրագրողների հետ, մենք նույնպես հավասար ցավում ենք և ուզում ենք մեր հավաքականն ավելի լավը տեսնել: Երկրպագուներն՝ առավել ևս. ուրեմն դժգոհությունը պետք է լինի չափավոր, քանի որ բոլորը գործող անձինք են: 

Հատկապես այս շրջանում մանրուքները կարևոր են. պետք չէ անդարձ հիասթափվել և քոմենթներում գրել այդ մասին, քանի որ ֆուտբոլիստներն էլ տեսնում են և ցավում: Ծանր շրջանը տանում են ուժեղ մարդիկ, հաղթողները չեն փախչում դժվարություններից...: Սա իմ ու քո հավաքականն է, մեր ֆուտբոլիստներն են, մեր մարզիչը. և նրանց կողքին լինելը սթափեցնող պարտավորություն է՝ անկախ պարտություններից:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս