Սամվել Կարապետյանը Մոսկվայի Արարատի հիմնական ներդրողներից մեկն է

14:32 09.09.2017

Մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկն է:

Այս մասին հայտնել է «Lifenews» մեդիահոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը, որն էլ դարձել է ակումբի փաստացի սեփականատերը, գրում է «rbc.ru»-ն:

Բիզնեսմենը հայտնել է, որ ակումբի բյուջեն կազմում է 150-180 մլն ռուբլի: «Արարատի» նոր փաստացի սեփականատերն առաջին անգամ խոսել է նաև ակումբի ֆինանսավորման աղբյուրների մասին:

Գաբրելյանովի խոսքով, բացի Սամվել Կարապետյանից, ակումբի ներդրողներից է նաև «Ավիտոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը:

«Մարդիկ մեզ օգնել են նախքան մենք կսկսեինք իրականացնել ակումբի բաժնետիրական ծրագիրը, սա հենց օգնություն է: Իհարկե, մենք կարող էինք «Ավիլոնի» լոգոտիպը փակցնել ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա, օրինակ: Բայց այս փուլում սա մեծ նշանակություն չունի»,- ասել է Գաբրելյանովը:

«Տաշիր» ընկերության ներկայացուցիչ Զառա Աճեմյանը հաստատել է, որ Սամվել Կարապետյանը մասնակցում է «Արարատի» ֆինանսավորմանը.

«Պարոն Կարապետյանն իսկապես ֆինանսավորել է այս նախագիծը: Նա միշտ ավանդաբար աջակցել է սպորտի զարգացմանն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` Հայաստանում: Կամո Ավագումյանն իսկապես մտադիր է ընդգրկվել «Արարատի» բաժնետերերի ցանկում»,- ասել է Զառա Աճեմյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 7-ին Վալերի Հովհաննիսյանը, որը մինչ այս զբաղեցնում էր «Արարատի» նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ այլևս կապ չունի ակումբի հետ: Նրա խոսքով, նա ինքնակամ է հրաժարվել մոսկովյան ակումբից:

Share |

Լրահոս