Չեմպիոնների լիգայի մեկնարկին սպասելով

14:18 12.09.2017

Այսօր մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանը: Կկայանան խմբային փուլի 8 հանդիպումներ, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Բազելին», «Բարսելոնան»՝ «Յուվենտուսին», «Բավարիան»՝ «Անդերլեխտին», «Բենֆիկան»՝ ԲԿՄԱ-ին, «Չելսին»՝ «Ղարաբաղին», «Ռոման»՝ «Աթլետիկոյին», իսկ «Օլիմպիակոսը»՝ «Սպորտինգին»:

«Մանչեսթեր-Յունայթեդ» (Անգլիա)-«Բազել» (Շվեյցարիա)

«Կարմիր սատանաներն» օրեր առաջ առաջին միավորներն են կորցրել Պրեմիեր լիգայում. «Սթոք Սիթին» սեփական հարկի տակ կարողացավ խուսափել պարտությունից՝ 2:2: Այնուամենայնիվ, Ժոզե Մոուրինյուի թիմը հիանալի մարզավիճակում է գտնվում. անցկացրած 4 խաղում նրանք խփել են 12 գնդակ և բաց թողել միայն երկուսը: Այս ցուցանիշով «կարմիր սատանաները» դեռ լավագույնն են ԱՊԼ-ում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լավ է մեկնարկել՝ անցկացրած 4 խաղում կատարելով 5 գոլային փոխանցում:

Ինչ վերաբերում է «Բազելին», ապա շվեյցարացիները չեն կարողանում հաղթել վերջին երեք խաղերում: Շվեյցարական ակումբը ՄՅՈւ-ի հետ նախորդ անգամ հանդիպել է 2011-2012 մրցաշրջանում (3:3, 2:1):

Հավանական կազմեր. 

ՄՅՈւ. Դե Խեա, Լինդելյոֆ, Բլինդ, Յանգ, Վալենսիա, Մատիչ, Պոգբա, Մխիթարյան, Մատա, Մարսիալ, Լուկակու

«Բազել». Վաչլիկ, Սուխի, Ականջի, Ռիվերոս, Լանգ, Ջակա, Զուֆի, Բուա, Ստեֆեն, Էլյունուսի, Վոլֆսվինկել

«Բարսելոնա» (Իսպանիա)-«Յուվենտուս» (Իտալիա) 

Այս մակարդակի խաղերը միշտ էլ տոն են ֆուտբոլային երկրպագուների համար՝ անկախ մրցաշարի փուլից: Այժմ կատալոնացիները և թուրինցիները նույն մակարդակի թիմեր են, որոնք, իհարկե, իրենց խնդիրներն ունեն, սակայն խոսքը գրանդ ակումբների և Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտների մասին է:

Մրցակիցները միմյանց են հանդիպելու լավ տրամադրությամբ. և «Բարսելոնան» և «Յուվենտուսը» հաղթել են ներքին առաջնության երեքական խաղերում էլ: Վերջին երեք խաղերում «կապտանռնագույնները» չեն կարողանում հաղթել «Ծեր Սինյորային»: Հենց Մասիմիլիանո Ալեգրիի թիմն էր նախորդ մրցաշրջանում դուրս թողել կատալոնական ակումբին քառորդ եզրափակչից: Վերջին անգամ «Բարսելոնան» «Յուվենտուսին» հաղթել է 2015 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ 3:1: Թիմերը միմյանց հետ հանդիպել են 13 անգամ՝ նրանցից յուրաքանչյուրը տարել է 5-ական հաղթանակ, գրանցվել է երեք ոչ-ոքի:

Հավանական կազմեր.

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալբա, Ումտիտի, Պիկե, Սեմեդու, Դեուլոֆեու, Ինյեստա, Բուսկետս, Ռակիտիչ, Մեսսի, Սուարես

«Յուվենտուս». Բուֆոն, Լիշխտայներ, Բարցալի, Բենատիա, Ասամոա, Մատյուիդի, Կոստա, Պյանիչ, Դիբալա, Մանջուկիչ, Իգուաին

Share |

Լրահոս