ՀՖՖ-ն պատասխանել է Շիրակի առարկությանը (լուսանկար)

14:44 12.09.2017

«Շիրակ» ֆուտբոլային ակումբն օգոստոսի 28-ին առարկություն էր ներկայացրել ՀՖՖ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի «Շիրակ»-«Արարատ» հանդիպման վերաբերյալ:

Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից արդեն պատասխանել են իրենց առարկությանը` բավարարելով այն:

Հիշեցնենք` առարկության պատճառ էր դարձել հանդիպման 57-րդ րոպեին «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Իգոր Ստանոևիչի դեմ կատարած խախտումը, որը, ակումբի գնահատմամբ, պետք է ուղեկցվեր մրցակցի ֆուտբոլիստին առնվազն դեղին քարտ ցույց տալով: 

Նշենք, որ «Արարատի» ֆուտբոլիստ Սերգեյ Մկրտչյանն այդ պահին արդեն ստացել էր դեղին քարտ և տվյալ դրվագում ստացած երկրորդը կնշանակեր, որ նա պետք է լքեր խաղադաշտը:

ՀՖՖ-ից տեղեկացրել են, որ նախքան «Շիրակից» առարկությունը ստանալը, Մրցավարական կոմիտեն արդեն քննարկել է «Շիրակ»-«Արարատ» հանդիպման 57-րդ րոպեի դրվագը:

Քննարկման պատճառ էր դարձել այն, որ տեսուչի կողմից հանդիպման գլխավոր մրցավար Արթուր Սաֆարյանի աշխատանքը գնահատվել էր ցածր` հաշվի առնելով այն, որ մրցավարը սխալվել է` տվյալ դրվագում «Արարատի» ֆուտբոլիստ Սերգեյ Մկրտչյանին չզգուշացնելով:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Շիրակը» 2:1 հաշվով հաղթել է:

Share |

Լրահոս