Տիգրան Բարսեղյան. Խաղալու ենք ուժեղ թիմի դեմ, բայց այդպես էր նաև Ֆեներբահչեի դեպքում

17:55 12.09.2017

Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի` «Զենիթի» հետ կայանալիք առաջիկա հանդիպման մասին:

«ԵԼ-ում անցկացրած նախորդ խաղերով ցույց տվեցինք, որ մենք լավ թիմ ունենք և յուրաքանչյուրի հետ կարող ենք խաղալ:

Հատկապես տանը. անցացրած 3 խաղերում մենք 3 հաղթանակ ենք տարել: Հույս ունենք, որ այդ սերիան կշարունակենք նաև «Զենիթի» հետ խաղում: 

Խաղալու ենք շատ ուժեղ թիմի դեմ, բայց այդպես էր նաև «Ֆեներբահչեի» դեպքում, երբ մենք հաղթեցինք երկու խաղերում էլ: Սկոպյեում` մեր երկրպագուների հետ միասին, մենք կարող ենք մեկ այլ հիանալի արդյունք գրանցել»,- ասել է Բարսեղյանը «Վարդարի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Վարդարի» երկրպագուներին կոչ է արել այցելել մարզադաշտ և աջակցել իրենց.

«Որքան շատ երկրպագու այցելի մարզադաշտ, այնքան մեզ համար ավելի լավ կլինի: Նրանք մեր 12-րդ խաղացողն են, մոտիվացնում են մեզ, որպեսզի ավելի լավ խաղանք և մեզ լավագույն կերպով ներկայացնենք:

Նրանց վարձահատույց կլինենք` խաղում մեր առավելագույն ուժերը ներդնելով, և ես հույս ունեմ, որ այն կավարտենք հաղթանակով: Հասել ենք խմբային փուլ և հիմա պետք է մտածենք, թե առաջիկա խաղերում ինչպես կարող ենք հնարավորինս շատ միավորներ վաստակել: Նաև, այս խաղով ենք սկսելու պայքարը, փորձելու ենք ամեն ինչ անել լավ մեկնարկելու և 5 հաղթանակներից բաղկացած շարքը շարունակելու համար»,- ասել է Բարսեղյանը:

Հիշեցնենք` ԵԼ-ի խմբային փուլի «Վարդար»-«Զենիթ» հանդիպումը կկայանա հինգշաբթի` սեպտեմբերի 14-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:05-ին:

Share |

Լրահոս