Շախմատի Երևան Օփեն մրցաշարի խաղային 5-րդ օրը բաժանված էր 2 մասի. նախ, առավոտյան դասական պարտիայի շրջանակում կայացավ 5-րդ տուրը, իսկ երեկոյան հատվածն ամենաթեժն էր:
Առաջին անգամ Երևան Օփենը ընդմիջվեց Բլից մրցաշարով, որտեղ հավաքվել էր հայկական շախմատի աստղաբույլը․ Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Շանթ Սարգսյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան, Կանանց Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյան, Աննա Սարգսյան, Մարիա Գևորգյան, Վրացական շախմատից Գիգա Քուբարաձեն, որը փայլում է բլից մրցաշարերում և այլոք: 9 բլից պարտիա. յուրաքանչյուրին 3-ական րոպե՝ ամեն քայլին 2 վայրկյան հավելումով: Մոտ 3 ժամ տևած պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Պրագնանանդհան, նույնքան միավորով 2-րդ տեղը գրավեց կրկին հնդիկ Հարշա Բարատակոտին, իսկ եռյակը կրկին 7.5 միավորով եզրափակեց Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը:
7 միավոր վաստակեց Շանթ Սարգսյանը: 7 միավոր վաստակեց նաև Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարի առաջին համար Ռոբերտ Հովհաննիսյանը բավարարվեց 6 միավորով: Նույնքան միավոր վաստակեցին նաև Մամիկոն Ղարիբյանն ու Դավիթ Շահինյանը: Կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը վաստակեցին համապատասխանաբար 4 և 4.5 միավոր, Մարիա Գևորգյանը, մեկ տուր բաց թողնելով, 4 միավոր գրանցեց: