Անցյալի, բայց ոչ ներկայի լեգենդը. Ո՞վ է Անդրեասյանը և ի՞նչ էր ուզում

12:29 22.09.2017

Արկադի Անդրեասյան. հակասական անուն հայկական ֆուտբոլում: Վերջին տարիներին նրա արարքները հակասականը դարձնում են բացասական:

Անդրեասյանը փոխարինեց Վարուժան Սուքիասյանին՝ ասելով, որ թիմ է ցանկանում կառուցել: Մեկ տարի և մի փոքր ավելի անց վստահորեն կարող ենք փաստել, որ ոչ մի կառուցած թիմ էլ չենք տեսել, այլ հակառակը՝ նա միայն քանդել է: 

Մեծ թափով ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա օգոստոսին. Սերգեյ Ավագիմյանը նամակ էր ուղարկել «armfootball.com»-ին. «Բարի երեկո: Իմ անունը Սերգեյ Ավագիմյան է, ես «Արարատ» ֆուտբոլային ակումբի խաղացող եմ: Ունեմ ձեր օգնության կարիքը: Ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլային հասարակության ուշադրությունը սևեռել այն բանի վրա, թե ինչպես է իրեն պահում «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Վերջին խաղում մենք պարտվեցինք 0:2 հաշվով իսկ ես սխալ թույլ տվեցի բաց թողած գոլի դրվագում: Խաղից հետո մարզիչը սկսեց ինձ մեղադրել ամեն ինչի մեջ և արգելեց մասնակցել մարզումներին, մտնել բազա, նստել ակումբի ավտոբուսը, նույնիսկ, արգելել է մտնել օֆիս: Նա սպառնացել է ինձ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել և ասել է վարորդներին ու անվտանգության աշխատողներին, որ եթե նրանք ինձ թույլ տան նստել ավտոբուս կամ մտնել բազա, ապա բոլորին կհեռացնի աշխատանքից և այլն և այլն: Աշխատակիցները այդ ամենն ընկալել են տառացիորեն և զգուշացրել են ինձ, որ կկռվեն, եթե ես փորձեմ նստել ավտոբուս կամ մտնել բազա…»:

Անդրեասյանի հետ կապված տխրահռչակ դեպքերը հաջորդում էին մեկը մյուսին. հենց նա չէր տալիս աշխատավարձեր թիմի ֆուտբոլիստներից ոմանց, իսկ Նորայր Գրիգորյանի հետ կապված ամեն ինչ հայտնի է բոլորին

Ասուլիսների ընթացքում նրա «փառահեղ» մտքերը, իրար հակասող անհիմն բացատրության փորձերը ևս շատ-շատ էին: Նրա կողքի մարդիկ նույնպես անընդհատ վայնասուն էին բարձրացնում՝ փորձելով քողարկել իրենց, ցավոք, չակերտավոր դարձած լեգենդի ոչ պատշաճ գործունեությունը:

Այն, որ Արկադի Անդրեասյանը հայկական ֆուտբոլի լեգենդ է, դա ոչ ոք չի շահարկում, բայց այն, որ Անդրեասյանը՝ որպես մարզիչ իրեն լեգենդի նման չի պահում, դա անհերքելի փաստ է: Լեգենդները պետք է մի փոքր «լեգենդավարի» ապրեն: Ոչ մի լեգենդի 70 տարեկանում 2 տարով չեն որակազրկում...: Բոլորի համբերության բաժակը լցվել էր, լեգենդը դարձել էր անտանելի:

Ու ինչպե՞ս կարող է 70 տարեկան մարզիչը մտնել խաղադաշտ ու մրցավարին ասել, որ նա պետք է լքի խաղադաշտը. դա նախևառաջ անարգանք է սեփական անձի նկատմամբ: Ահա այսպիսին ստացվեց Արկադի Անդրեասյան մարզչի վերջը: Իհարկե, տարեց երկրպագուների համար Անդրեասյանը մնում է կուռք, նրանք տեսել են հանճարեղ ֆուտբոլիստի խաղը և հիացել, բայց մենք՝ նոր սերնդի ներկայացուցիչներս Անդրեասյանին որպես լեգենդ ոչ մի կերպ չճանաչեցինք...:

Այսքանից հետո ամաչելուց բացի լեգենդը ոչինչ չպետք է աներ, բայց արի ու տես, որ դեռ հանդգնություն կա ցույց տալու, թե իր դեմ դավադրություն է ընթանում. (մեջբերում News.am-ին Անդրեասյանի հարցազրույցից.)  - Ուզում եք ասել՝ հնո՞ւց եկած դավադրություն է: - Այո…Այո… Քանի դեռ Հայրապետյանն այնտեղ է, մեր ու ձեր ֆուտբոլն այս վիճակում կլինի:

Հետաքրքիր է՝ ի՞նչ մեր ու ձեր ֆուտբոլի մասին է խոսում նախորդ առաջնության 30 հանդիպումներում ընդամենը 12 միավոր վաստակած թիմի գլխավոր մարզիչը:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս